Վրաստանի ընդդիմությունը չեղարկեց խորհրդարանի դիմաց նախատեսված բողոքի ակցիան: Այս մասին հայտարարություն է արել «Նոր Վրաստանի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն:
«Մի քանի ժամ առաջ ողբերգական դեպք տեղի ունեցավ Բաղդաթի քաղաքում, որի հետևանքով 6 մարդ մահացավ, այդ թվում 4 անչափահաս: Առաջին հերթին ուզում եմ իմ ցավակացությունը հայտնել ընտանիքի հարազատներին: Սա մեր բոլորի ողբերգությունն է:
Այսօր մենք ժամը 10:00-ին նախատեսում էինք բողոքի ակցիա անցկացնել, սակայն այս լուրից հետո ընդունել ենք որոշում, որ փետրվարի 4-ին նախատեսված բողոքի ակցիան չեղարկենք որպես մահացածների հիշատակի հարգանքի նշան»,- հայտարարել է Վաշաձեն:
Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյին Վրաստանի Բաղդաթի քաղաքում հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիային, այսօր մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը, որին զուգահեռ ընդդիմությունը նախատեսում էր բողոքի ակցիա՝ «ամոթի միջանցք» կազմակերպել: