Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Թբիլիսիում գործող հայկական 104 եւ 103 հանրային դպրոցներ:
Սինանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ուսուցիչների հետ: Քննարկվել են առկա կրթական խնդիները, կարևորվել ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների մասնակցությամբ Հայաստան պարբերաբար այցելությունների հնարավորությունները:
103 դպրոցում, որտեղ գործում է հայկական բաժինը, քննարկվել են հայերենի դասաժամերի հնարավոր ավելացումը, ուսուցիչների ներգրավմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, Զարեհ Սինանյանն այցի ընթացքում հասցրել է լինել Թբիլիսիի Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնում, ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, եղել է Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ, Գարի Դավթյանի Տիկնիկների տուն, Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոն: