Ապակենտրոնացում, ապաքաղաքականացում և արդիականացում, սրանք այն շրջադարձային քայլերն են, որոնք «Նոր Վրաստան» քաղաքական հարթակը անվանում է «Կրթության վրացական մոդել»:
Այսօր Թբիլիսիում տեղի ունեցավ «Նոր Վրաստան» քաղաքական հարթակի կողմից պատրաստված կրթության բարեփոխման շնորհանդեսը, որը կազմված է 15 նոր նախաձեռնություններից:
«Կրթության ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ են անցկացվել, սակայն այս բարեփոխումները համակարգային չէին և ուղղված էին քաղաքական շահերին, որոնք չէին ծառայում կրթության որակի բարձրացմանը: Մենք առաջարկում ենք 15 նախաձեռնություն, որոնք կծառայեն կրթության համակարգում ապակենտրոնացմանը, ապաքաղաքականացմանը և արդիականացմանը: Սա միակ ելքն է, որի շուրջ պետք է ունենանք ազգային համաձայնություն՝ ինչ կրթական համակարգ ենք ունենալու և ինչպես է մեծանալու մեր սերունդը» — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է «Նոր Վրաստանի» կրթության բաժնի ղեկավար Նանա Թոխվաձեն:
«Նոր Վրաստանի» կրթության վրացական մոդելի 15 նախաձեռնություններն են.
- Կրթության ազգային խորհուրդ,
- Ուղիղ կարգով ընտրված պետական մանկապարտեզների և դպրոցների տնօրեններ,
- Ուղիղ կարգով ընտրված պետական համալսարանների ռեկտորներ,
- Ընտրված տնօրենի աշխատավարձը՝ 3000 լարի,
- Մանկապարտեզի տնօրենի աշխատավարձը 1500 լարի,
- Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 1000 լարի, մանկապարտեզներում՝ 700 լարի,
- Մանկապարտեզների վաուչերային համակարգի անցում,
- Վաուչերների հավասարեցում հանրային և մասնավոր դպրոցներում,
- ԲՈՒՀ-երում կրթական ծրագրերի միջազգայնացում,
- Գիտության առաջնահերթություն,
- 10 000 ամենամյա դրամաշնորհ ապագա մասնագիտությունների համար,
- Համագործակցության գագաթնաժողով 5000 ուսուցչի համար,
- Ժամանակակից դպրոց — հաջողության պատուհան 21-րդ դարում,
- Ուսուցիչների վերապատրաստման կենտրոններ Ռուսթավիում և Քութայիսիում,
- Ամենամյա 500 ուսուցչի որակավորման ստաժավորում արտերկրում: