Սոցիալապես անապահով Վալիկո Կվաճաձեն միլիոնատեր է դարձել

Միլիոնատերը, որին փնտրում էր ողջ Վրաստանը, «Վրաստանի ազգային լոտոյի» կողմից գտնվել է Բաթումիում՝ փախստականների բնակավայրում: Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկանում է «Վրաստանի ազգային լոտոյից»:

Հատկանշական է, որ «Լոտո 6/42»-ի 1 182 454 լարիի չափով ջեքփոթը խաղարկվել է հունվարի 21-ին, սակայն հաղթողը մի քանի օր չէր արձագանքում:

Ջեքփոթի հաղթող են դարձել սոցիալապես անապահով 77-ամյա Վալիկո Կվաճաձեն և նրա որդին:

«Վրաստանի ազգային լոտոն» փոխանցում է Կվաճաձեների հաջողության պատմությունը.  «Դեռ սոցիալապես անապահոների համար նախատեսված ճաշարանում հերթ էր կանգնել, իսկ տունդարձի ճանապարհին հանդիպել է լոտոյի կրպակի: Լոտոյի տոմսը ձեռք է բերել հունվարի 18-ին: Թվանշաններն էլ որդու հետ միասին են լրացրել՝ հայրը թելադրել է, տղան՝ գրել: Հատկապես վերջին երկու թվանշանների մասին շատ են մտածել ու վերջապես ստացել 17, 24, 25, 29, 33 և 36 միակցությունը: Հենց այս թվանշաններն էլ Կվաճաձեներին սոցիալապես անապահով ընտանիքի կարգավիճակից տեղափոխեցին միլիոնատերերի կարգավիճակ:

Հաղթողները մեծ ծրագրեր ունեն՝ գրավից հանել հայրական տունը, ձեռք բերել ավտոեքենա ու բիզնես սկսել: Ապագայի վախից ազատվելու համար նրանք դեռ հույս ունեն, որ մի շարք այլ երազանքներ ևս իրականություն կդառնան։

Լուսանկարը՝ «Վրաստանի ազգային լոտոյի»