Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ, լրիվ համամասնական ընտրական համակարգով ընտրություններ ոչ միայն 2020 թվականին, այլ նաև 2024 թվականին նույնպես չպետք է անցկացվեն, ինչը ենթադրում է գործող Սահմանադրությունը:
Ինչպես քաղաքապետն է Առաջին ալիքի եթերում հայտարարել, սա իր կարծիքն է և կուսակցությունում դեռ չի քննարկվել: Կալաձեի խոսքով՝ թեև աջակցել է համամասնական համակարգին, սակայն կարծիքը փոխել է «այսօրվա իրավիճակից» և «երկրի շահերից» ելնելով:
«Ես կարծում եմ, որ առկա համակարգը ժողովրդավարական է ու ընդունելի, իսկ 100/50-ի վերաբերյալ արված առաջարկությունը, հրաշալի է»- հայտարարել է Կալաձեն:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանը տապալեց լրիվ համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնությունը, ինչից հետո ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական ակտիվիստների բողոքի մեծ ալիք բարձրացրին: Բողոքի շրջանակներում ցուցարարները մի քանի անգամ արգելափակեցին խորհրդարանի բոլոր մուտքերը, ինչն ավարտվեց հատուկջոկատայինների մասնակցությամբ ցույցերը ցրելու գործընթացով: Դիվանագիտական կորպուսի միջնորդությամբ իշխանությունն ու ընդդիմությունը ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ 4 անգամ հանդիպեցին, սակայն կողմերն ընդհանուր հայտարարի մինչ օրս չեն եկել:
Այս պահի դրությամբ հայտնի է, որ իշխանությունը պատրաստ է մեծամասնական պատգամավորների քանակը նվազեցնել՝ 73-ի փոխարեն դարձնելով 50, իսկ համամասնական 77 պատգամավորների քանակը ավելացնել՝ հասցնելով 100-ի: Սակայն ընդդիմությունը դեմ է և պահանջում է լրիվ համամասնական ընտրակարգի անցում:
Իշխանության և ընդդիմության հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունվարի վերջին: