Վրաստանի իշխող կուսակցության և միավորված ընդդիմության միջև ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ բանակցությունների հերթական (5-րդ) փուլը հավանաբար տեղի կունենա ամսվա վերջին: Իշխող թիմը ծրագրում է քաղաքական հակառակորդ կողմին ընտրական համակարգի ամենաօպտիմալ մոդելն առաջարկել, որի համաձայն էապես պակասում է մեծամասնական պատգամավորների թիվը և ավելանում համամասնական պատգամավորների քանակը:
Խորհրդարանական մեծամասնությունում գտնում են, որ եթե ընդդիմությունը չհամաձայնի ընդունել առաջարկած մոդելը, դա կլինի ապացույց, որ նրանք ցանկություն չունեն իրական փոփոխություններ իրականացնելու և նրանց հիմնական նպատակը միայն հանրությանը լարելն է:
Այս հարցի շուրջ իր դիրքորոշումն արդեն արձանագրել է ընդդիմությունը: Նրանք հրաժարվում են իշխող կուսակցության առաջարկից և պահանջում են ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով:
«Մեր նպատակն է հասնել համամասնական ընտրակարգի և համամասնականին հավասար ընտրական համակարգի: Համապատասխանաբար, մեր բոլոր առաջարկների ուղղությունը սա է: Այն առաջարկները, որ ներկայացնում է իշխանությունը, առհասարակ կապ չունեն համամասնական ընտրակարգի հետ»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Սերգի Կապանաձեն: