Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիան վստահ է՝ ինչ էլ որ ցույց տան հանրային կարծիքի հետազոտությունները, վերջնական որոշումը ընտրողինն է:
Գախարիան, մեկնաբանելով ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հերթական հետազոտությունների արդյունքները, ասել է, որ հանրային կարծիքի հետազոտությունները դարձել են քաղաքական գործընթացների մաս:
Հիշեցնենք՝ հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է հերթական հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ Վրաստանի բնակչության 40%-ը այդպես էլ չի կողմնորոշվել՝ որ կուսակցության օգտին է քվեարկելու: Իշխող Վրացական երազանքի օգտին այս պահին, ըստ հարցման, պատրաստ է քվեարկել հարցվածների 20%-ը, ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման օգտին՝ 13%-ը:
«Անկեղծ ասած՝ տարբեր հետազոտությունները, փոխանակ դառնան որոշակի եզրակացության ու վերլուծության պատճառ, ուղղակի դարձել են քաղաքական գործընթացի մաս: Այդ պատճառով ես չեմ կարող ոչինչ ասել այս հետազոտության մասով, բացի այն, որ վերջնական դատավճիռը ժողովրդինն է»:
Ըստ NDI-ի թարմ հարցման՝ Վրաստանի բնակչության մեծամասնությունը (64%) դժգոհ է կառավարության աշխատանքից, ու նախարարների կաբինետից գոհ է հարցվածների միայն 1/3-ը: Հարցումն անցկացվել է 2019-ի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ խորհրդարանական ընտրություններից գրեթե մեկ տար առաջ: Հարցվել է 2,1 հազար քաղաքացի՝ ամբողջ երկրից՝ այդ թվում շրջաններից, որոնք բնակեցված են էթնիկ հայերով ու ադրբեջանցիներով:
NDI-ը Վրաստանի հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվում է 2009-ից: