Այսօր Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում լարված իրավիճակ է տիրում: Հունվարի 9-ին նշանակված էր տեղի Գերագույն դատարանի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախկին թեկնածու Ալխան Կվիցինիայի բողոքը: Այսօր առավոտվանից սկսվեց ընդդիմության բողոքի ակցիան, ինչը ավարտվեց ակցիայի մասնակիցների դե ֆակտո նախագահի վարչության շենք մուտք գործելով:
Քիչ առաջ Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարություն է տարածել, որտեղ չի բացառում, որ Աբխազիայում հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն:
«Ես, որպես Սահմանադրության երաշխավոր, տվել եմ բոլոր հանձնարարությունները, որպեսզի չանցնենք իրավական դաշտից այն կողմ: Այս իրավիճակում պետք է պահպանենք խաղաղություն և վտանգի առջև չկանգնեցնենք մեր պետության գոյությունը: Ուժային կառույցները անցել են ուժեղացված ռեժիմի: Անհրաժեշտության դեպքում, քայլեր կձեռնարկեմ երկրում արտակարգ դրություն մտցնելու համար»,- հայտարարել է Խաջիմբան:
Հարկ է նշել, որ Աբխազիայում զարգացած իրադարձությունների վերաբերյալ արձագանքեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին.
«Ուշադրությամբ հետևում եմ Սուխումում ընթացող իրադարձություններին և օկուպացված Աբխազիայում մեր քաղաքացիների անվտանգությանը, ճակատագրին և նրանց իրավունքների պաշտպանությանը»,- ասվում է Վրաստանի նախագահի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Աբխազիայում 2019-ի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ և ներկայիս դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբան հաղթել էր 47,39 տոկոսով: Բնակչության 46,17 տոկոսն իր ձայնը տվել էր Ալխան Կվիցինիային: Վերջինս չի ընդունում ընտրության արդյունքները և պահաջում է չեղյալ համարել դրանք: