Պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր, տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
«Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրություն դարձնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշաններին և ավտոմատ ջերմաչափում կատարելով։
Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել են Վրաստանից
ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի դեպքում արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի դեպքում դա ուղեկցվել է նաև անհայտ ցանավորմամբ։ Այդ անձանց մոտ ջերմության առկայության մասին տեղեկացվել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, այս պահի դրությամբ Վրաստանում վիրուսային հիվանդությունների հետևանքով մահացել է 3 մարդ: Հակավիրուսային պատվաստումները մեկնարկել են նոյեմբերի 1-ից: Այս տարի նախորդի համեմատ պետությունը ձեռք է բերել պատվաստման 2,5 անգամ ավելի շատ դոզա: Այսպիսով, 2019-ին գրիպի դեմ պատվաստում ստացել է 100 000 մարդ: Ծերանոցները, մանկատները, բժշկական աշխատակազմը, բանակը, ինչպես նաև հղիներն ու երեխաները ռիսկային խմբերի ներկայացուցիչներն են: Առաջին հերթին պատվաստվել են հենց նրանք, այնուհետև՝ բնակչության մյուս մասը:
Նախորդ տարվա վիրուսային սեզոնի ընթացքում պաշտոնական տվյալներով H1N1 վիրուսով պայմանավորված մահվան 22 դեպք է գրանցվել, 100 հազար բնակչի հաշվով «խոզի գրիպով» վարակվածության 186 դեպք էր արձանագրվել: