«Այս սեզոնի ընթացքում գրիպի ախտորոշմամբ մահվան երկու դեպք ունենք»,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն մամլո ասուլիսի ընթացքում: Գամկղրելիձեն խոսել է գրիպի հետ կապված իրավիճակի մասին:
«Ցավոք սրտի մահվան երկու դեպք ունենք, մեկը՝ Աճարայում, մյուսը՝ Իմերեթիում: Երկու դեպքում էլ հիվանդներն ուշ են դիմել բժիշկներին, սրա հետ մեկտեղ երկուսն էլ կից հիվանդություններ ունեին»:
Գամկղրելիձեի խոսքով, այս տարի գրիպի դեմ պատվաստվել է մոտ 2,5 անգամ ավելի շատ մարդ, քան նախորդ տարվա ընթացքում:
«Մեզ մոտ պատվաստման մշակույթն ուժեղացել է վերջին 5 տարիների ընթացքում, սկսել ենք 5 000-ով, այս տարի պետությունը ձեռք է բերել պատվաստման 100 հազար դոզա և այսօրվա դրությամբ արդեն պատվաստվել է 95 370 բարձր ռիսկային խմբի մարդ»:
Սրա հետ մեկտեղ, Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով, որոշ խմբերի՝ հղի կանանց, սոցիալապես անապահով անձանց համար ֆինանսապես հասանելի՝ անվճար կլինի «Տամիֆլու» հակավիրուսային դեղամիջոցը: