«Աղջիկ փախցնել» ասվածը հայկական իրականության մեջ ավանդույթի նման մի բան է, որ անկախ ժամանակներից ու հասարակարգերից, միևնույն է, արդիական է, հատկապես մեր տարածաշրջանում՝ Ջավախքում:
Աղջիկ փախցնելը մի քանի ձևով է դրսևորվում, մեկ դեպքում աղջկա ծնողների երկար սպասված համաձայնությունը չստանալուց հետո երիտասարդները որոշում ու միասին փախչում են, մյուս դեպքում տղան աղջկա չեմուչումին բանի տեղ չդնելով փախցնում է, երրորդ ու ամենածանր դեպքերում, երբ ինչ-որ մի առիթի ժամանակ տղան շատ գեղեցիկ աղջիկ է տեսնում ու միանգամից որոշում, պետք է փախցնի, սիրահարվել է, հետո ինչ, որ անունն էլ չգիտի: Դե իսկ հետո՝
Տարա՜, տարա՜ն, տարա՜ն…
Հետո գործին են խառնվում աղջկա բարեկամները, ծնողներն ու մնացած բոլոր տղաները, որ ժամանակին հավանել են: Ու ինչպես կասեր մեծն Թումանյանը՝ Էլ հեր ու մեր, էլ գող փիսո, էլ քաչալ շուն…
Լինում են դեպքեր, որ խնամիները երկար ժամանակ իրար հետ չեն խոսում, չեն բարիշում, դեպքեր էլ են լինում, որ գեղեցկադեմ աղջկան այդպես էլ չի ստացվում համոզել ամուսնանալ անծանոթի հետ ու այդպես էլ խնամիական հարաբերություններ չեն ձևավորվում: Զավեշտալի դեպքեր էլ են լինում, երբ ասենք փախցնում են, ոչ թե իրենց հավանած աղջկան այլ նրա քրոջը, ընկերուհուն, կամ էլ ավելի վատ՝ մորը: Կես ճանապարհին, իհարկե, ուղղում են իրենց ….. ու սխալ ուղևորին հետ են տանում:
Գիտեմ, որ ֆիլմի սցենարի է նման բայց հավատացեք սա իրականություն է և ոչինչ բացի իրականությունից:
2015 թե 16 թվականն էր, լավ չեմ հիշում: Ընտանիքով նշեցինք նոր տարին ու գիշերվա ժամը մեկին արդեն ուզում էինք քնել, երբ բարեկամս զանգեց ու նոր տարիներս դեռ չշնորհավորած ասաց, որ աղջիկը սիրած տղայի հետ փախել է, պետք է գնան հետևից, հորս էլ խնդրեց իրենց հետ գնալ, քանզի կանանցով էին, տղամարդու ներկայություն էլ էր պետք: Մայրս, իհարկե պատրաստվեց, որ հորս հետ գնա, բայց պարզվեց մեքենայում արդեն մի քանի կանայք կան, ու միակ տղամարդը վարորդից հետո հայրս էր, պատասխանատու գործն իրենն էր մի խոսքով:
Տղան ուրիշ գյուղից էր, որի տեղն անգամ չգիտեին: Գյուղ տանող մութ ճամփին լույս են տեսնում, մոտենում են գյուղում լույս վառվող միակ տանը, պարզում են, որ աղջիկ փախցնողները հենց իրենք են, հայրս որպես տղամարդ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, իջնում է, որ խոսի, իրավիճակը հասկանա: Սկսում են մի քանի երիտասարդներով «վրա տալ», գոռգռալ, հայրս էլ ասում է, թե «պռիշոլ ս միռոմ»: Ներս են կանչում, մի քիչ զրուցում, խմել են առաջարկում, հայրս էլ բաժակը վերցնում երկար բարակ կենաց է ասում, վերջում էլ ավելացնում է, որ եթե աղջիկն իրեն կամքով եկած չլիներ, ամեն ինչ ուրիշ կերպ կընթանար, ինչևէ երկար կենացից հետո խմում է, բոլորը թեթևացած շունչ են քաշում ու հանկարծ հորս հետի կանանց ձայներն են լսվում: Սրանք ներս են մտնում, թե Սեյրան սխալ տեղ ենք եկել, իրենք մեր աղջկան չեն փախցրել, ուրիշ աղջկա են փախցրել, էս աղջկա ծնողներն էլ ոստիկանություն են դիմել… Հասկանալով պահի զավեշտը հայրս ծիծաղում է, առաջարկում է մի-մի հատ էլ խմել, հաջողություն է մաղթում, դեռ չկայացած ընտանիքին մի բոլ օրհնում ու «կենացադուլ» է անում ու կանանց երկար պնդումներից հետո վերադառնում մեքենա՝ մեր աղջկա հետքերով գնալու:
Ի վերջո հասնում են այնտեղ, որտեղ մեր աղջիկն արդեն իրեն տան հարսիկ է զգում, դե ժամն էլ արդեն գիշերվա 3-ն է լինում, հայրս ռեֆլեքսորեն մոտենում է սեղանին բաժակը վերցնում մի երկար բարակ կենաց էլ այստեղ է ասում, խմում, աղջկա որպիսությունը ճշտում, խնամիների հետ ծանոթանում ու տուն վերադառնում:
Այս պատմության զավեշտն այն էր, որ այդպես էլ չիմացանք անծանոթ զույգի ճակատագիրը․ արդյոք նրանք դարձան զույգ՝ ընտանիք կազմեցին, թե անգամ հորս կենացները չօգնեցին…
Հա ու աղջիկ փախցնելը նախևառաջ համարձակության նշան է: Աղջիկ փախցնելուց հուսալի մարդկանց հետ գնացեք, բայց այդ մարդիկ այնքան շատ չլինեն, որ աղջկան խեղդեն, կամ մեքենայում նրան նստելու տեղ չմնա: Ցուցումներս անտեղի չեն, այսպիսի դեպքեր ի դեպ եղել են:
Հ.Գ. Եթե զավեշտը մի կողմ թողնենք, այս «գեղեցիկ» ավանդույթը ես մասամբ բարբարոսություն եմ համարում: Վերջիվերջո, ամեն մարդ ընտրության հնարավորություն ունի, չի կարելի մարդուն ստիպել սիրել, կամ ընտանիք կազմել դրա բացակայության դեպքում: Հա ու իհարկե, չի բացառվում, որ մի օր հակառակ երևույթն էլ տեղի ունենա, ասենք, օրինակ աղջիկները տղա փախցնեն, ոչինչ չի բացառվում իսկ ձեզ դուր կգա՞ր։
Հ.Գ 2.Հա ու անպայման ուշադիր եղեք, որ ճիշտ մարդու փախցնեք, այլապես կարող է ճակատագրական լինել ու ձեր ամբողջ կյանքն անցկացնեք ասենք, օրինակ, ձեր հավանած աղջկա հարևանի աղջկա հետ։ Ամեն դեպքում չի բացառվում:
Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)
«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։