Դեկտեմբերի 19-ի տվյալներով, Վրաստանից արտահանվել է ավելի քան 21,3 հազար տոննա մանդարին: Այս մասին հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմում էր ավելի քան 20 հազար տոննա:
Հայտարարության մեջ նշվում է` այս տարի արտահանման շուկաների աշխարհագրությունն ընդլայնվել է: Առաջին անգամ վրացական մանդարինի խմբաքանակն ուղարկել են Լիտվա (120,9 տոննա), Սինգապուր (100 կգ), Քաթար (400 կգ) և Սլովենիա (158,2 տոննա):
Ինչ վերաբերում է ավանդական շուկաներին, Ռուսաստան արտահանվել է ավելի քան 13 հազար տոննա մանդարին, Ուկրաինա` ավելի քան 4 հազար տոննա, Հայաստան` ավելի քան 3,3 հազար տոննա:
Վրաստանի կառավարության տեղեկատվությամբ, մինչև սեզոնի ավարտը` հունվարի վերջը, ծրագրվում է հավաքել 55 հազար տոննայից ավելի մանդարին: