Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին վստահեցրել է, որ նախարարությունը սկսել է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել հանրային դպրոցներում աշակերտների անվտանգության համար:
Ըստ նախարարի, կարևոր է նաև, որ այդ միջոցառումները, նախարարության աջակցությամբ, իրականացվեն նաև մասնավոր դպրոցներում:
Վրաստանի կառավարության նիստից հետո նախարարը լրատվամիջոցների հետ զրույցը 15-ամյա Լուկա Սիրաձեի մահվան կապակցությամբ ցավակցությունով սկսեց: Չխենկելին նշեց, որ նախարարության հոգեբանության կենտրոնի աշխատակիցները շարունակում են աշխատել հանրային 100-րդ և մասնավոր «Կանաչ դպրոցի» աշակերտների հետ՝ օգնելով նրանց հաղթահարել այս սթրեսը:
Նախարարի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ աշխատում են կանխարգելման հատուկ ծրագրի վրա, մեկ շաբաթվա ընթացքում կներկայացվի նախագիծը, որն իր մեջ ներառում է և՛ օրենսդրական, և՛ գործնական նախաձեռնություններ, ինչպես նաև նոր ծառայությունների ներդնում:
Նշենք, որ 15-ամյա Լուկա Սիրաձեն նախ սովորում էր մասնավոր «Կանաչ դպրոցում», սակայն գումարի չվճարման պատճառով տեղափոխվել էր 100-րդ հանրային դպրոց: Հենց «Կանաչ դպրոցի» պատերին էլ Լուկան թողել էր գրություններ, որոնց համար կանչվել էր հարցաքննության, այնուհետև ինքնասպանություն գործել: