Վրաստանում 15-ամյա դեռահասից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու մեղադրանքով ձերբակալվել է քննիչ Մարիանա Չոլոիանին: Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Պետական տեսչության ծառայության ղեկավար Լոնդա Թոլորաիան:
Իաշվիլիի անվան հիվանդանոցում, որտեղ օրեր շարունակ բժիշկները պայքարում էին ինքնասպանության փորձ կատարած Լուկա Սիրաձեի կյանքի համար, այժմ բողոքի ցույց է ընթանում:
Ցուցարարները, ովքեր բողոքում են գործով զբաղվող իրավապահների աշխատանքից, անդրադարձել են Պետական տեսչության ծառայության հայտարարությանը.
«Ուշացած ձերբակալում էր, — ասում է ցուցարարներից մեկը, -քննիչին, ով մեղավոր է անչափահասի մահվան մեջ, ով անձամբ է բռնություն գործադրել երեխայի նկատմամբ, ձերբակալում են միայն երեխայի մահից հետո»:
Նշենք, որ հիվանդանոցի մոտ հավաքվածները ծաղիկներ են խոնարհել՝ հարգելով 15-ամյա Լուկայի հիշատակը: Նրանք պատրաստվում են երթ անել դեպի ներքին գործերի նախարարության շենք:
Հավելենք, որ 15-ամյա Լուկա Սիրաձեն հարցաքնվում էր «Կանաչ դպրոցի» գործով՝ պատերին «Էս կյանքի մերն էլ…» արված գրությունների համար:
Ցուցարարներն «Էս կյանքի մերն էլ…» և «Մարդասպաններ» գրառումներով պաստառներով են գալիս ակցիային: