Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին բացատրում է բանակի վերաբերյալ մեծ աղմուկ առաջացրած իր հայտարարությունը՝ ասելով, որ «մենք բանակ չունենք» արտահայտությունը պարզապես ոճական ձև էր և չէր վերաբերում վրացական բանակին:
«Իմ ելույթն ամբողջովին մշակութային տարածքում էր և մշակութային հաստատությունների մասնակցությամբ: Այս հայտարարությունը որևէ կերպ չէր վերաբերում վրացական բանակին: Դա պարզապես ոճական ձև էր՝ հռետորաբանության մի մաս, բայց այստեղ (Վրաստանում) կարծես թե քիչ հայտնի է նման ոճը», — ասել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում հյուրընկալելով գիտական համայնքի ներկայացուցիչներին, հայտարարել է, որ. «Մենք չունենք ո՛չ բանակ, ո՛չ զենք և ոչ էլ կունենանք: Չունենք նաև հզոր տնտեսական ներուժ՝ տարածաշրջանը գրավելու համար, սակայն ունենք շատ ուժեղ զենք, որի անունն է գիտություն, կրթություն, մշակույթ»:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին՝ պատասխանելով Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, ասել էր, որ վրացական բանակը հզոր է: Նա նաև ընդգծել էր, որ նախագահի հայտարարությունը հստակությունների ու պարզաբանման կարիք ունի։