Վրաստանի օրթոպեդների և վնասվածքաբանների ասոցացիայի նախագահ Վաժա Գափրինդաշվիլին արդեն 37 օր է Ցխինվալիի բանտում է։
«Սահմանն ապօրինի կերպով հատելու» մեղադրանքով նրան սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Ուրբաթ օրը Ցխինվալիի դատարանը բժշկի համար երկամսյա նախնական կալանքի որոշում կայացրեց։
Այսօր ի պաշտպանություն հայտնի բժշկի՝ շփման գիծ են հասել նրա ընտանիքի անդամները (ավելի վաղ նրա կինն ու աղջիկներն ասել էին, որ բողոքի ակցիա են անցկացնելու), գործընկերները՝ սպիտակ խալաթներով։
«Մենք չէինք ուզում, սակայն ստիպված ենք այսպիսի միջոցների դիմել, քանի որ աշխատասենյակներում հանդիպումներն արդյունք չեն տալիս։ Բոլորին՝ անկախ կուսակցական, կրոնական ու էթնիկ պատկանելությունից մենք կանչում ենք շփման գիծ։ Բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են բժիշկ Վաժայի համար, ովքեր դեմ են նրա ապօրինի գերությանը», —ասված է բժշկի ընտանիքի տարածած հայտարարությունում։
Բժշկի ընտանիքի կոչին արձագանքել են քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Սա թերևս, ի պաշտպանություն Գափրինդավիլիի կազմակերպված ամենամասշտաբային ակցիան է։ Այս ամենն անցկացվում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության անդամ, սակրեբուլոյի պատգամավոր Էրեկլե Կուխիանիձեի հայտարարութան ֆոնին։ Հիշեցնենք՝ պատգամավորը բժշկի ընտանիքի անդամներին մեղադրել է լուրջ չար սադրանքում։ Պաշտոնյայի այս հայտարարությունը սոցցանցերում լուրջ քննադատության տեղիք է տվել։