Վրաստանի խորհրդարանը 83 կողմ ձայներով հաստատել է 2020 թվականի պետական բյուջեն։
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի խոսքերով՝ նոր բյուջեի հիմնական առաջնահերթությունը սոցիալական և ենթակառուցվածքային ծրագրերն են։
Ինչպես են բաշխվելու բյուջեի գումարները․
2020 թվականին ավելի մեծ ֆինանսավորում կստանան բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները։
Մասնավորապես՝ Առողջապահության նախարարության ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 384,6 միլիոն լարիով և կազմել 4,3 մլրդ․ լարի՝ ընդհանուր հատկացումների 30,2%-ը։
Ինչպես կավելանան աշխատավարձերն ու կենսաթոշակները․
2020 թվականին Վրաստանի թոշակառուներն ու սոցիալապես անապահովների համար կավելանան թոշակներն ու նպաստները, իսկ տարվա ընթացքում ավելացումները կվերաբերեն նաև ոստիկաններին ուսուցիչներին, բժիշկներին և հրշեջներին։
Ըստ պետբյուջեի՝ հունվարի 1-ից թոշակառուները, սոցիալապես անապահով անձինք և մինչև 18 տարեկան սահմանափակ կարողություններով մարդիկ 20 լարիով ավել թոշակ կստանան։
Սահմանափակ կարողություններով անձինք և 70 և ավելի տարեկան թոշակառուները հուլիսի 1-ից 30 լարի ավել կստանան։
Հունվարի 1-ից 100 լարիով կավելանա թատրոնների և թանգարանների աշխատակիցների աշխատավարձը։
Հուլիսի 1-ից 100 լարի ավել կստանան գյուղական բժիշկներն ու Շտապ օգնության բժիշկները։
Միջինը 125 լարի ավելացում է սպասվում հուլիսի 1-ից՝ ոստիկանության, դատախազության և պետական անվտանգության ծառայության աշխատակիցների, ինչպես նաև հրշեջ-փրկարարների համար։
2020 թվականի սեպտեմբերից 150 լարիով բարձրանալու է ավագ մանկավարժների, առաջատար մանկավարժների և մանկավարժ-մենթորների աշխատավարձը։
Սեպտեմբերին 100 լարիով կավելանա նախակրթարանների մանկավարժների ամսական աշխատավարձը։