
Սեպտեմբերի 27-ը Վրաստանում նշվում է որպես Սուխումիի անկման օր: 23 տարի առաջ Սուխումին լքեցին վրացիները, որով ըստ էության ավարտվեց շուրջ 13 ամիս տեւած վրաց֊աբխազական պատերազմը:
Պատերազմի հետևանքով Վրաստանը կորցրեց Աբխազիան, տարբեր տվյալների համաձայն` այս հակամարտությունը խլեց շուրջ 20.000 մարդու կյանք:


Մի խումբ դիմակավոր երիտասարդներ հետևյալ կոչերն էին հնչեցնում. «Աբազյան Վրաստան է», «Սամաչաբլոն Վրաստան է», «Փառք Վրաստանին, փառք հերոսներին», «Կեցցե ազգայնական Վրաստանը` առանց լիբերալների», «Կեցցե վրացի Վրաստանը» եւ այլն։
Ռուսթավելիի մետրոյի կայարանի տարածքից ազգայնականները շարժվեցին դեպի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված Հերոսների հուշարձանի տարածք:

Երիտասարդները վանկարկում էին հայհոյանքներ թուրքերի հասցեին և ըստ ականատեսների` կոտրում թուրքական ռեստորանների ապակիները: Գործողությունների, բողոքի ցույցի ողջ ընթացքում ոստիկանությունը վերահսկում էր դրա ընթացքը։
Ստեղծված իրավիճակում կարճ ժամանակով արգելվեց երթեւեկությունը Աղմաշենեբելի պողոտայում, տարածք ժամանեցին իրավապահ մարմինների հատուկ ջոկատայիններ և շտապ օգնության մեքենաներ: Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվեց ցույցի 11 մասնակից:
Ակցիայի կազմակերպիչները խուսափում էին մամուլի միջոցների հետ շփումից։ Այսուհանդերձ, Ալիք մեդիային հաջողվեց երիտասարդ կազմակերպիչներից մեկից պարզել, որ երթը կազմակերպել է «Վրացական ուժ» կազմակերպության կողմից․
«Բոլորս համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ»,֊ հակիրճ արձագանքեց ներկայանալ չցանկացող երիտասարդը։


Այս տարվա մարտի 3-ին, կազմակերպությունը քայլերթ էր կազմակերպել Վրաստանում Գերմանիայի դեսպանատան ուղղությամբ։ Բողոքի ակցիայի նպատակը Սիրիայից և Պաղեստինից Վրաստանում փախստականներ ընդունելու հարցի բարձրացումն էր: