Թբիլիսիում այսօր՝ դեկտեմբերի 8-ին մեկնարկեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 8-րդ նստաշրջանը: Առաջին օրվա ընթացքում 4 հանձնաժողովի հանդիպում է նախատեսված անցկացնել:
Ծրագրված է նաև մի քանի աշխատանքային խմբերի հանդիպում: Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին մասնակցում են եվրախորհրդարանի և արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների ներկայացուցիչները:
Քննարկումներ կանցկացվեն էներգաանվտանգության, արևելյան գործընկերության ապագայի հետ կապված հայացքների և աշխարհաքաղաքական մարտահրավերների, ինչպես նաև ԵՄ և արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության տարբեր ակտուալ հարցերի հետ կապված:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Թբիլիսիում են Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը:
Նստաշրջանը կտևի դեկտեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում: