Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է հիվանդանոցների տնօրենների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի աշխատանքի, սոցիալական ապահովության և առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ առողջապահության բարեփոխումը դարձել է վերջին տարիների ամենահաջողակ փոփոխություններից մեկը։
«Կարծում եմ՝ այս բարեփոխումների զարգացումը և հեղինակությունը բխում է բոլորի շահերից։ Սկզբունքները, սակայն փոփոխությունների ու զարգացման կարիք ունեն։ Եթե կան խնդիրներ, պատրաստ ենք խոսել դրանց մասին։ Մեզ համար սկզբունքորեն կարևոր է առողջապահական համակարգի արդյունավետությունը, այլապես անհնար է հետագա զարգացումը», — ասել է Գախարիան բուժաշխատողներին։
Հիշեցնենք՝ հիվանդանոցների ղեկավարները նամակով դիմել էին վարչապետին՝ անդրադառնալով բժշկական հաստատությունների սակագները սահմանող՝ 520-րդ հրամանին։ Ի պատասխան՝ կառավարության ղեկավարն առողջապահական ոլորտի ներկայացուցիչներին հրավիրել էր աշխատանքային քննարկման՝ փաստարկներն ուսումնասիրելու համար։ Հանդիպմանը մասնակցել է 30 կլինիկայի ղեկավար։