Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ասում է, որ ընդդիմության հետ հանդիպումների երկրորդ փուլ դեռևս նախատեսված չէ, բայց իշխող թիմը պատրաստ է հանդիպումների:
Լրագրողների հետ զրույցում Թալակվաձեն նշել է, թե նախորդ հանդիպման ժամանակ բոլորն արդեն իսկ տեսնում էին, որ այսպես կոչված գերմանական մոդելը չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրությանը:
«Իմ կարծիքով, բանակցությունները միշտ անհրաժեշտ են: Մենք պատրաստակամություն ենք հայտնել լսել ընդդիմության փաստարկներն ու առաջարկները: Հանդիպմանը բոլորը տեսան, որ ընդդիմության առաջարկած ճանապարհով անհնար է առաջ շարժվել», — ասել է Թալակվաձեն:
Հիշեցնենք՝ դիվանագիտական կորպուսի միջամտությամբ, նոյեմբերի 30-ին Վրաստանի իշխանություններն ու միրավորված ընդդիմությունը մի սեղանի շուրջ են նստել՝ ճգնաժամային իրավիճակից ելք գտնելու նպատակով։ Արդեն երկու շաբաթից ավելի է՝ երկրում բողոքի ակցիաներ են, որոնց պատճառն այն է, որ «Վրացական երազանքը» չկատարեց համամասնական ընտրակարգին անցնելու խոստումը։ Հանդիպման հիմնական թեման էր մոտ 30 ընդդիմադիր կուսակցությունների կողմից մշակված այսպես կոչված գերմանական մոդելի քննարկումը։