Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցել է TANAP նախագծի ավարտին նվիրված պաշտոնական միջոցառմանը:
Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Էդիրնե նահանգում, որտեղ ծրագրին մասնակցող երկրների ղեկավարները համատեղ սեղմել են կոճակը, որով այս նախագծի շրջանակներում առաջին անգամ Ադրբեջանից բնական գազը բաց թողվեց Եվրոպայի ուղղությամբ:
«Տրանս-Անատոլիական» գազատարի նախագիծը (TANAP) նպատակ ունի բավարարել Եվրոպայի և Թուրքիայի բնական գազի պահանջները և դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարման ուղիները:
Նախագծի արժեքը կազմում է 10 մլրդ ԱՄՆ դոլար: TANAP-ի գազատարը տարեկան 16 մլրդ խորանարդ մետր բնական գազ կտեղափոխի: Ապագայում նախատեսվում է գազատարի թողունակության ավելացում` 2023 թվականին հասցնելով մոտավորապես 23 մլրդ խորանարդ մետր, իսկ 2026-ին՝ մինչև 31 մլրդ խորանարդ մետր:
Այսօրվա դրությամբ, Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա տեղափոխվող 6 մլրդ խորանարդ մետր բնական գազի տարանցման համար Վրաստանը որպես տարանցիկ բաժնեմաս ստանում է 5 տոկոսը, ինչը տարեկան կազմում է 300 մլն խորանարդ մետր:
Առաջիկայում, երբ Հարավային գազային միջանցքի միջոցով տարեկան 23 մլրդ խորանարդ մետր բնական գազի տարանցում կիրականացվի, համապատասխանաբար, Վրաստանը տարեկան ավելի քան 1,1 մլրդ խորանարդ մետր բնական գազ կստանա տարանցիկ բաժնեմասի տեսքով: