Իշխող «Վրացական երազանքը» հրաժարվում է ընտրական բարեփոխումներ անցկացնել՝ ընդդիմության առաջարկներով։
Այս մասին խոսել է փոխվարչապետ, Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ իշխանության, ընդդիմության ու դիվանագիտական կորպուսի հետ հանդիպումը մեկնաբանելով։
Հիշեցնենք՝ դիվանագիտական կորպուսի միջամտությամբ, այսօր Վրաստանի իշխանությունն ու միրավորված ընդդիմությունը մի սեղանի շուրջ են նստել՝ ճգնաժամային իրավիճակից ելք գտնելու նպատակով։ Արդեն երկու շաբաթից ավելի է՝ երկրում բողոքի ակցիաներ են, որոնց պատճառն այն է, որ «Վրացական երազանքը» չկատարեց համամասնական ընտրակարգին անցնելու խոստումը։
Հանդիպումն անցավ փակ դռների ետևում, տևեց գրեթե 6 ժամ։ Ինչպես և սպասվում էր, հիմնական թեման դարձել է մոտ 30 ընդդիմադիր կուսակցությունների կողմից մշակված այսպես կոչված գերմանական մոդելի ընտրությունները։
«Խորը քննարկում է կայացել՝ ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական ու մենք մնացինք մեր հստակ դիրքորոշմանը, որ «գերմանական մոդելը» հակասահմանադրական է եւ այս հարցով հետագա բանակցություններ չեն լինի», — ասել է Ծուլուկիանին: Ըստ նախարարի՝ մոդելի հեղինակները չեն կարողացել փաստարկներ բերել, որոնք ապացուցում են, որ այս նախաձեռնությունը չի հակասում Սահմանադրությանը․ «Վրացական երազանքն այն ուժն է, որը երկրում գլխավորն է ու պատրաստ է երկխոսության, սակայն մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ սահմանադրական փոփոխություններ չեն լինելու։ Մեր թիմի ներսում մենք ռեսուրս չենք տեսնում ևս մեկ անգամ սահմանադրական փոփոխություններ ընդունելու համար»։
Միաժամանակ, արդարադատության նախարարն ասել է, որ իրենք պատրաստ են շարունակել բանացությունները, քանի որ «երկխոսությունը կարևոր է, իրենք հարգում ենք իրենց երկիրը, ու եթե ապագայում էլ հանդիպում նշանակվի, նրանք ներկա կլինենք այդ հանդիպմանը»։