Ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության աջակիցների կողմից պատրաստված «Սուրբ Բիձինա» գրառմամբ սրբապատկերների տեսքով պաստառները ձեռքներին ցուցարարներն այս պահին շարժվում են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն: Նրանք պատրաստվում են առանձնատան մոտ եկեղեցական երգ կատարել:
Բողոքի հիմնական ակցիան ժամը 19:00-ին կսկսվի Հանրապետության հրապարակից և կշարունակվի խորհրդարանի շենքի մոտ:
Ընդդիմության ծրագրել է այսօր ևս արգելափակել խորհրդարանի բոլոր երեք մուտքերը: Նրանք ասում են, որ նպատակը վաղը նախատեսված լիագումար նիստի տապալումն է:
Ավելի քան 20 քաղաքական ուժից բաղկացած միավորված ընդդիմությունը նոյեմբերի 14-ից, երբ իշխող ուժը համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի ընդունումը տապալեց, բողոքի ակցիաներ է անցկացնում Թբիլիսիում։
Նրանք պահանջում են արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։