Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում հերթական ակցիան է տեղի ունենում։ «Փոխիր» շարժման անդամները ջրով լի մեծ թասեր են բերել խորհրդարանի մոտ և խորհրդարանի խոսնակին առաջարկել «արևայրուք ընդունել»:
Այս ձևով ակտիվիստներն իրենց բողոքն են արտահայտում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ելույթի կապակցությամբ, երբ վերջինս լրատվամիջոցներին մեղադրում էր ապատեղեկատվություն տարածելու մեջ: Լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, թե «Թալակվաձեն մեկնել է Իտալիա, Կոմո լճում հանգստանալու, այն դեպքում, երբ երկրում այսպիսի իրարանցում է»:
Ավելի վաղ ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էին լուսանկարներ, որտեղ Թալակվաձեն Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ օդանավակայանում էին: Լուսանկարները տարածվելուց հետո սոցիալական ցանցերում քննարկումների մեծ ալիք է բարձրացել:
Սակայն Արչիլ Թալակվաձեն տեսաուղերձ էր տարածել՝ հերքելով երկիրը լքելու մասին տեղեկատվությունը: