«Քաղաքացիական շարժումը» մեկնարկում է մեծամասնական «ֆեոդալների» բացահայտման քարոզարշավ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել շարժման հիմնադիր Ալեկո Էլիսաշվիլին:
Նրա խոսքով, շարժումը պատրաստվում է այցեր կատարել շրջաններ, նպատակն է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ունեցվածքը բացահայտելը:
«Կբացահայտենք նրանց բիզնեսները, կոռուպցիան, նրանց ապօրինի գործողությունները կոնկրետ շրջաններում: Բացահայտումից հետո, վստահ եմ, ժողովուրդն անմիջապես ոտքի կկանգնի ու «Վրացական երազանքն» իր իշխանությանը մնալու րոպեները կհաշվի: Մենք պատրաստվում ենք էլ ավելի սուր կերպով պայքարել՝ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ ունենալու համար»,- գրել է Էլիսաշվիլին:
Նա նաև նշել է, որ շարժումը շարունակելու է մնալ միավորված ընդդիմության կազմում, որում միավորված է մոտ 20 ընդդիմադիր քաղաքական ուժ: Էլիսաշվիլին գրել է, որ ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի է մեծամասնական և խառը ընտրակարգի խնդրի մասշտաբը, այդ իսկ պատճառով որոշել են շրջաններ կատարած այցերի միջոցով ներկայացնել՝ թե ինչ խնդիրներ են առաջացնում տվյալ ընտրակարգերը: