Ընդդիմության ներկայացուցիչները օրինագծի տապալումից հետո հավաքվել են Լեյբորիստական կուսակցության գրասենյակում՝ համաձայնեցնելու գործողությունների հետագա ծրագիրը:
Հանդիպմանը մասնակցում են խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, այդ թվում ՝ «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Ժողովրդավարական շարժում», «Հանրապետական», «Նոր իրավունք» և «Գիրչի» կուսակցության անդամները, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք»-ից հեռացած, այժմ անկախ պատգամավորներ Էկա Բեսելիան, Դավիթ Ճիճինաձեն և այլք:
Ընդդիմության առաջնորդներն ասում են, որ քննարկում են գործողությունների ծրագիրը, ներառյալ փողոցային ցույցերի, անհնազանդությունների անցկացումը և այլն: Ըստ «Գիրչի»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի, ստեղծված իրավիճակից միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է նույնիսկ ներկայիս համակարգով:
Խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերը սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալելու մեջ մեղադրում են Բիձինա Իվանիշվիլիին:
Սահմանադրական փոփոխությունների հիշյալ օրինագիծը նախատեսում է մեծամասնական ընտրակարգի վերացում, ամբողջովին անցում համամասնական ընտրակարգի։ Ընդունելու դեպքում այն կկիրառվեր արդեն ոչ թե 2024-ին, ինչպես գործող սահմանադրությամբ է ամրագրված, այլ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Նախագիծը արգելում է բլոկների ստեղծումը՝ սահմանելով ընտրությունների զրոյական շեմ:
Սահմանադրական փոփոխությունները Վրաստանում հունիսի 20-21-ին մեկնարկած ցույցերի պահանջներից մեկն էր: Բիձինա Իվանիշվիլին քաղաքացիներին խոստացել էր հենց 2020-ին անցում կատարել համամասնական ընտրակարգի: