«115֊րդ լսարան»-ը նոր պահանջներ է ներկայացրել

Թբիլիսիի պետական համալսարանում մեկնարկել է նոր՝ 2016-17 ուսումնական տարին։ Ավանդույթի համաձայն, երկրի ամենամեծ բուհում, ղեկավար կազմը, պրոֆեսորները, Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները շնորհավորել են ուսանողներին նոր ուստարվա առիթով։

Ողջ շաբաթվա ընթացքում ծրագրված են միջոցառումներ, հանդիսավոր երեկույթներ: Թբիլիսիի պետհամալսարանը գիտալուսավորչական համալիր է, որի կազմի մեջ են մտնում 4 գիտահետազոտական ինստիտուտ։ ԹՊՀ֊ն Վրաստանի տարբեր շրջաններում գործող 8 մասնաճյուղ ունի։ Համալսարանը նաեւ 22 ֆակուլտետ, տասնյակ հետազոտական լաբորատորիաներ, գիտական գրադարան, 7 թանգարան, տեղեկատվական կենտրոն, տպագրատուն, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, լիցեյ եւ ուսանողական ճամբար ունի: Համալսարանը 35 հազար ուսանող ունի, առաջարկում է կրթական երկաստիճան համակարգ, առաջինը՝ բակալավր, համալսարական և մասնագիտական կրթությամբ, 2-րդ փուլում մագիստրատուրայում կոնկրետ մասնագիտությունների գծով կատարելագործվում են լավագույն բակալավրերը՝ ուսանողների մոտ 30 տոկոսը: Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ կրկին ակտիվացել է «115֊րդ լսարան» շարժումը:

Շարժման ակտիվիստները դիմել են ուսանողներին` ներկայացրելով 6 պահանջ: Կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Չիխլաձեն հայտարարել է, որ շարունակվում է ռոկտորին պետության կողմից նշանակելու քաղաքականությունը և ուսանողական ինքնակառավարումից միայն անունն է մնացել: Հետևաբար, պահանջներն են որակյալ և հասանելի կրթություն, համալսարանական ինքնակառավարում, արտաքին բարեփոխումների սկզբունք, ուսանողական ինքնակառավարման արմատական բարեփոխումներ, հաջորդ տարվա բյուջեից ներդրում՝ համալսարանական հանրակացարանի պայմանների բարելավման համար: Պահանջվում է նաև վճարի պատճառով ուսումը շարունակելու հնարավորություն չունեցող ուսանողներին ակադեմիական գրանցման հնարավորություն տալ: «115֊րդ լսարան»֊ը կոչ է արել ուսանողներին, դասախոսներին և հասարական հատվածի ներկայացուցիչներին՝ ակտիվ մասնակցություն ունենալ ընթացող գործընթացներում, միասին պայքարել ինքնավար համալսարանի և որակյալ կրթության համար:

Թողնել պատասխան