Թբիլիսիի քաղաքապետարանի 2020 թվականի բյուջեն կկազմի 1 մլրդ 300 մլն լարի (440-445 մլն դոլար): Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն՝ ընդգծելով, որ միջոցները հիմնականում ուղղվելու են հասարակական տրանսպորտի բարելավմանը:
«Ընդհանուր առմամբ 2020-ին Թբիլիսիում իրականացվելիք նախագծերի ընդհանուր բյուջեն կկազմի 1 մլրդ 300 մլն լարի, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Այդ գումարի 50%-ը կազմում են ընթացիկ ծախսերը՝ մինչև 500-600 մլն լարիի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացում: Առողջապահության և սոցիալական խնամքի ծախսերը չեն նվազելու, նախատեսվում է այդ ոլորտին ուղղել մոտ 338 մլն լարի: Ի տարբերություն այս տարվա, այն կավելանա 2 մլն լարիով», — ասել է փոխքաղաքապետը:
Խմալաձեն նշել է, որ քաղաքապետարանը օրակարգում է պահում հատկապես հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիրը։
«Քաղաքային իշխանությունը ձեռք կբերի 200 միավոր 12 մետրանոց ավտոբուս: Բացի այդ, քաղաքապետը կառավարության նիստում հայտարարեց, որ 650 ավտոբուս կփոխարինվի նորով, լրացուցիչ ձեռք կբերվի ևս 100-ը: Առաջիկայում կհայտարարվի մրցույթ, որի համար քաղաքապետարանը հատկացրել է 35 մլն լարի: Սա կօգնի մեզ ոչ միայն բարելավել ավտոբուսային պարկը, այլև ավելացնել դրանց թիվը՝ կրճատելով կանգառներում սպասելու ժամանակը», — ասել է Խմալաձեն: