Համամասնական ընտրակարգի անցնելու մասին «Վրացական երազանք»-ի նախաձեռնությանը դեմ դուրս եկած որոշ պատգամավորներ պնդում են, որ կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին փորձել է ճնշում գործադրել իրենց վրա։
«Կուսակցության նախագահի կողմից որոշ պատգամավորների վրա ճնշման փորձ է եղել», — այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է իշխող ուժի մեծամասնական պատգամավոր Կախա Օքրիաշվիլին, ով դեռ երեկ հայտարարեց, որ դեմ է կուսակցության նախաձեռնությանը։
Ըստ նրա, ամենամեծ ճնշումը գործադրվել է Դիմիտրի Խունդաձեի վրա, քանի որ նա ամենաակտիվն էր, ուստի «ողջ ագրեսիան դրսևորվեց նրա հանդեպ»: Օքրիաշվիլին ասել է, ինքը մնում է նույն որոշմանը։
Օքրիաշվիլին երեկ ընդգծել էր նաև, որ խորհրդարանական մեծամասնությունում 30-40 մեծամասնական պատգամավոր կլինի, ովքեր չեն աջակցի սահմանադրական փոփոխությունների նախագծին, ինչը կձախողվի:
Հավելենք՝ ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնության, որը այս պահին օրենդիրը քննարկում է, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրական կարգով:
Ըստ նույն օրինագծի, մեծամասնական կարգը պետք է վերացվի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով: Ներկայիս օրենքի համաձայն Վրաստանի ընտրական համակարգը համամասնականի է անցնելու 2024 թվականի ընտրությունների ժամանակ: