Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն վստահ է, եթե խորհրդարանի մեծամասնությունը տապալի համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը, ժողովուրդը փողոց դուրս կգա, իրադարձություններն արմատական հունով կընթանան:
«Այս ամենը հանգեցնելու են փողոցային ցույցերի: Ես ուզում եմ շեշտել, որ սա «Եվրոպական Վրաստան»-ի նպատակը չէ, մենք ուզում ենք ընտրությունների միջոցով ջախջախել «Վրացական երազանք»-ին: Գնդակն այժմ գտնվում է «Վրացական երազանք»-ի դաշտում․ դա «Վրացական երազանքի» պատասխանատվությունն է, քանի որ, կրկնում եմ, եթե նրանք չենք կատարում իրենց խոստումը, ձախողում են համամասնական համակարգի անցումը, ապա ընդդիմությունն ու հանրությունը փողոց դուրս գալուց զատ այլ ելք չի ունենա», — ասել է Բաքրաձեն:
Ըստ նրա, ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ «Վրացական երազանքի» համար ավելի կարևոր են մասնավոր շահերն ու խորհրդարանական մանդատները, քան ժողովուրդն ու երկիրը:
Հիշեցնենք՝ ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնության, որը դեռ պետք է հաստատի խորհրդարանը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրական կարգով: Այժմ, երբ խորհրդարանը անցել է օրինագծի քննարկմանը, «Վրացական երազանք»-ի որոշ պատգամավորներ, սակայն, դրժում են քաղաքական ուժի տված խոստումը։
Ըստ սահմանադրական օրինագծի, մեծամասնական կարգը պետք է վերացվի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով: Ներկայիս օրենքի համաձայն Վրաստանի ընտրական համակարգը համամասնականի է անցնելու 2024 թվականի ընտրությունների ժամանակ: