Վրաստանում անցնող շաբաթվա քննարկվող թեման եկեղեցական սկանդալն է կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի շուրջ. նախ նշվեց, թե պատրիարքին հեռացնելու հարցով զբաղվում է անձամբ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, այնուհետև հայտարարվեց, թե պատրիարքը մանկապղծության ու միասեռականության մեղքի մեջ է:
Քաղաքական գործիչներն ամենափակ ինստիտուտներից մեկի՝ եկեղեցուց տեղեկատվության հոսքը որակում են պետականության թուլացման փորձ, եկեղեցաբանների խոսքով՝ Վրաստանի ուղղափառ եկեղեցին նման դրամատիկ վիճակում մինչ այս պահը դեռ չէր հայտնվել, եկեղեցու հեղինակությունը հանրության շրջանակներում դժվար է լինելու փրկել: Ի՞նչ է կատարվում վրաստանյան հոգևոր աշխարհում. «Ալիք մեդիան» ներկայացնում է վերջին իրադարձությունները:
Բիձինա Իվանիշվիլին պատվիրել է հեռացնել կաթողիկոս-պատրիարքին. Տեր Իակոբ
Ամեն բան սկսվեց Բոդբեի թեմի եպիսկոպոս Տեր Իակոբի՝ TV Pirveli—ին տրված հարցազրույցում իշխանության ներկայացուցիչների հանդեպ հնչեցրած մեղադրանքներից: Նրա խոսքով, իր հետ բանակցություններ են վարել Իլիա 2-րդին հեռացնելու հետ կապված: Հոգևորականը նաև նշել է, որ իր հետ հանդիպել է այն ժամանակվա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, հանդիպմանը ներկա է եղել նաև Գիորգի Գախարիան և Վախթանգ Գոմելաուրին, որոնք խնդրել են «հեռացնել» կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-ին: Տեր Իակոբը հայտարարել էր, որ սա Բիձինա Իվանիշվիլիի պատվերն էր: Հիշելով տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած «Ցիանիդի գործը», Տեր Իակոբն ասել էր, որ դա էլ իշխանությունների, այդ գործով պատիժ կրող Գիորգի Մամալաձեի և Ճղոնդիդիի թեմի արդեն նախկին մետրոպոլիտ Տեր Պետրեի կազմակերպածն էր:
«Ցիանիդի գործը» Վրաստանի նորագույն պատմության մեջ ամենամութ ու ամենասկանդալային գործերից է: Գործի գլխավոր սուբյեկտը հոգևորական Գիորգի Մամալաձեն է: Մամալաձեն արդեն երկու տարի է քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում, դատարանն ազատազրկել է նրան 9 տարով՝ Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա 2-րդի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիի մահափորձի համար:
Մամալաձեին ձերբակալել են 2017 թվականի փետրվարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, երբ նա մեկնում էր Գերմանիա: Այդ ժամանակահատվածում Իլիա 2-րդին վիրահատում էին Մյունխենում և պատրիարքի աշխատակիցներն, այդ թվում՝ Շորենա Թեթրուաշվիլին գտնվում էին Մյունխենում:
Հետաքննության համաձայն, Մամալաձեի մոտ ցիանիդ են գտել, իսկ նրա տանն անցկացրած հետախուզման արդյունքում հայտնաբերվել են զենք ու փամփուշտներ: Ի սկզբանե հայտարարվել էր, որ Մամալաձեն փորձել է ցիանիդով թունավորել պատրիարքին, հետագայում վարկածը փոխարինվեց և հայտարարվեց, որ նրա հավանական զոհը Շորենա Թեթրուաշվիլին էր:
Հարցազրույցի ընթացքում Տեր Իակոբը խոսել է հայհոյանքներով ու սպառնալիքներով՝ ուղղված իշխանության ներկայացուցիչներին՝ տպավորություն թողնելով, թե սթափ չէ: Հաջորդ օրը, սակայն, նա նույն հայտարարությունները հաստատել էր: Գախարիան և Կվիրիկաշվիլին հերքել են լուրը՝ այն հիմարություն համարելով։ Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան, մեկնաբանելով Տեր Իակոբի խոսքերը, նշել է, որ ակնհայտորեն պետությունը փորձել է միջամտել եկեղեցու հարցերին, ինչը դեմ է Սահմանադրությանը: Ըստ նրա՝ սա կարող է իմպիչմենտ պահանջելու համար լավ առիթ հանդիսանալ:
Տեր Իակոբը հիշատակել է նաև տարեսկզբին հոգևորական Մամալաձեի՝ բանտից ուղարկված նամակը: Նամակի բովանդակությունը չի հրապարակվել, սակայն ըստ Տեր Իակոբի, նամակը կրել է մեծ տեղեկատվություն վրացական հոգևոր աշխարհի մասին: Ըստ նրա, սա նույնպես իշխանությունների պատվերն է եղել:
Տեր Իակոբը հայտարարությունն անելուց հետո հրաժարվել էր քորեպիսկոպոսի պաշտոնից:
Սինոդի նիստը
Ստեղծված իրավիճակից ելնելով Սինոդը (Վրաստանի ուղղափառ եկեղեցու եկեղեցական գերագույն խորհուրդ) նիստ էր հրավիրել հոկտեմբերի 31-ին: Սովորաբար Սինոդի նիստ կայանում է տարեկան երկու անգամ՝ Սուրբ Հարության տոնից հետո և ամանօրյա պահքի ժամանակ, չնայած այս գրաֆիկն արդեն երկար ժամանակ խախտված է: Սինոդի վերջին նիստը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին: Սինոդը բաղկացած է 46 հեղինակավոր հոգևոր անձանցից: Խորհուրդը ղեկավարում է կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը:
Հոգևոր անձինք չէին բարձրաձայնել Սինոդին քննարկվելիք թեմաները, սակայն հանրության կողմից ակնկալվում էր, որ նիստի ընթաքում կորոշվի Տեր Իակոբի ճակատագիրը: Ինչպես հայտարարում են եկեղեցաբանները, Սինոդը նիստ չի հրավիրում գոյություն ունեցող խնդիրները լուծելու նպատակով, սովորաբար նման հարցերից խոսափում են: Ակնկալվում էր նաև, որ նիստին կքննարկվի նախագահ Զուրաբիշվիլիին՝ Գիորգի Մամալաձեին ներում շնորհելու մասին հայց ուղարկելու հարցը:
Ի՞նչ է որոշվել նիստի ընթացքում
Սինոդի նիստն ավարտվեց սկանդալային հայտարարությամբ. Տեր Իակոբի կարգը պահպանվել է, քանի որ նա ընդունել է սխալը՝ ներողություն հայցել իր հայտարարության ձևի, ոչ թե բովանդակության համար: Սրա հետ մեկտեղ՝ եկեղեցական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվել է Ճղոնդիդիի թեմի մետրոպոլիտ Տեր Պետրեն: Ըստ նրա, Սինոդի նիստի ժամանակ բարձրաձայնել է եկեղեցում համասեռականության լոբբինգի հարցը, նշել է նաև, որ այդ լոբբինգով զբաղվում է կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը, որը մանկապղծության ու միասեռականության մեղքի մեջ է գտնվում: Հայտարարությունից հետո նա հեռացվել է Սինոդից ու զրկվել եկեղեցական գործունեություն վարելուց:
Սինոդի հայտարարությամբ, Պետրե Ցաավային Սինոդից ու եկեղեցական գործունեությունից հեռացրել են մեղքը չընդունելու պատճառով և կոչ են արել տեղափոխվել մենաստան: Հրամանն արդեն հրապարակվել է պատրիարքարանի կողմից: Ժողովից հետո լրագրողների հետ զրույցում Պետրե Ցաավան հայտարարել է.
«Ջրի երես եմ հանել Սինոդի ղեկավարին: Ազգն ունի այլասերվածության մեղքով Սինոդի ղեկավար»: Ըստ Ցաավայի, նրան կարգալույծ են արել Տեր Իակոբի հայտարարությունները «ծածկելու» նպատակով:
Ցաավան Սինոդից ժամանակ է հայցել վկաներ ներկայացնելու համար, սակայն առաջարկը մերժվել է:
Պետրե Ցաավան իր կողմնակիցներին ասել է՝ «կհանդիպենք դրախտում»: Դեռևս պարզ չէ Ցաավայի հետագա գործունեությունը՝ կընտրի արդյոք մենաստանի ճանապարհը, թե կզբաղվի հասարակական գործունեությամբ: Ցաավայի աջակիցներն իրենց կողմից պահանջում են քննարկել մեղադրանքը, ներկայացնել այլ հոգևորականների վկայություններ:
Ճղոնդիդիի թեմում նշանակվել է նոր առաջնորդ՝ մետրոպոլիտ Գրիգոլ Կացիան: Նա արդեն հանդիպել է թեմի ներկայացուցիչների հետ:
Պատրիարքը պետականության խորհդանիշն է. վարչապետ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին կաթողիկոս պատրիարք Իլիա 2-ին է այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, ինչից հետո վարչապետը հայտարարել է.
«Իհարկե, բոլորս լավ հասկանում ենք, որ պատրիարքը եկեղեցու և պետականության խորհրդանիշն է: Ոչ ոքի թույլ չենք տա ոչ եկեղեցում, ոչ էլ պետության ներսում նման անջատողական գործողություններով ռիսկի տակ դնել մեր վաղվա օրը»: