Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ շնորհակալության ակցիա անցկացվեց Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ։
Վիրահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում (հայերեն, վրացերեն և անգլերեն) շնորհակալական խոսքեր ուղղեցին ԱՄՆ-ին, հատկապես այն 405 կոնգրեսականներին, ովքեր կողմ էին քվեարկել բանաձևին։
«Շնորհակալ ենք այն բոլոր բարի կամքի տեր մարդկանց, ովքեր կողմ են արդարությանը, ազատությանը, կողմ են, որ հանցագործը հատուցի և պատժվի։ Կեցցե Ամերիկայի խաղաղասեր ժողովուրդը»,- իր ելույթում ասաց Վրաստանի հայ համայնք կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը։
«Ի դեմ Միացյալն Նահանգների դեսպանատանը Թբիլիսիում՝ մենք այսօր շնորհակալ ենք Ամերիկայի ողջ ժողովրդին։ Մենք խորը համոզմունք ու հավատ ունենք, որ այս գործընթացն իր տրամաբանական վերջնակետին է հասնելու, և ճանաչման, դատապարտման քայլեր են լինելու ԱՄՆ-ի և բոլոր քաղաքակիրթ երկրների կողմից։ Մեր ցեղասպանությունը քաղաքական գործընթացների վերածելու համար չէ։ Այն պետք է ճանաչվի, որ աշխարհի որևէ երկրում չկրկնվի»,- իր խոսքում նշեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը։
Հավաքն ավարտվել է Տերունական աղոթքով և հայրենասիրական երգերով։
Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ հարաբերակցությամբ ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Օրենսդիր մարմնի երկու ճամբարների` հանրապետականների և դեմոկրատների հեղինակած բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով:
Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:
Ուղիղ միացման տեսանյութը՝
Posted by Armenian Community of Georgia on Thursday, October 31, 2019