Անկախ Վրաստանի պատմության ընթացքում մի շարք բարձրաստիճան՝ այդ թվում երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Ալասանիան, 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է իր ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջոցով։ Գործող «Վրացական երազանք» իշխանական կոալիցիայի նախկին անդամը, հոկտեմբերի 8֊ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից։
Իրակլի Ալասանիան ծնվել է 1973 թվականին Բաթումիում։ 1995֊ին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի մասնագիտությամբ։ 1998 թվականից սկսել է աշխատել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, որտեղ մինչև 2001 թվականը զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում աշխատել է ԱՊՀ-ի և Ռուսաստանի բաժնում, դիվանագիտական ծառայություն է իրականացրել ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի Վրաստանի դեսպանատներում: 2002 թվականի հունվար ամսից, Իրակլի Ալասանիան պետանվտանգության նախարարի առաջին տեղակալի պաշտոնն է զբաղեցնում։ 2004 թվականի հուլիսի 16-ից Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում է նշանակվել, ինչին նախորդել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
2005 թվականին Միխեիլ Սաակաշվիլիի որոշմամբ, նշանակվել է Վրաստանի նախագահի անձնական ներկայացուցիչը Աբխազիայում: Միևնույն ժամանակ, Աբխազիայի վտարանդի ինքնավար հանրապետության կառավարության նախագահն էր: Մինչեւ 2006 թվականի մարտի 17-ը, Ալասանիան հանդիսացել է Վրաստանի նախագահի՝ հակամարտությունների կարգավորման հարցերով խորհրդականը: Հենց նա էր ներկայացնում երկրի նախագահին վրաց-աբխազական բանակցություններում։ Այս կարգավիճակը շարունակում է ունենալ նաև Միավորված ազգերի կազմակերպությունում՝ Վրաստանի դեսպանը հանդիսանալու ընթացքում։ ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչն է եղել 2006 թվականի հունիսից մինչև 2008 թվականի դեկտեմբեր ամիսը:
Դիվանագիտական աշխատանքի տարիներին՝ 2007 թվականին, դեռեւս ոչ ֆորմալ կերպով սկսում է զբաղվել քաղաքականությամբ։ Նույն թվականի նոյեմբերի 7֊ի հայտնի իրադաձություններից հետո (նոյեմբերի 3֊ից սկսված բողոքի ցույցերը ցրվում են ոստիկանության կողմից արցունքաբեր գազի, մահակների, ռետինե փամփուշտների, ակուստիկ հրաձիգների և ջրցան մեքենաների կիրառությամբ), ի նշան բողոքի Շվեյցարիայում Վրաստանի դեսպան Լևան Միքելաձեն հրաժարական է տալիս:
Հետագայում իր համախոհ դիվանագեների, գործարարների և տնտեսագետների հետ միանում է Իրակլի Ալասանիայի քաղաքական խմբին: Քաղաքական կուսակցությունը հիմնվել է 2009 թվականի փետրվարի 16-ին: Իրակլի Ալասանիայի և Լևան Միքելաձեի հետ միասին կուսակցության շարքերն են համալրում 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո պաշտոնից հեռացած դեսպաններ Վիկտոր Դոլիձեն, Ալեքսի Պետրիաշվիլին, Նինո Գոգուաձեն, իրավաբան Զուրաբ Աբաշիձեն, բժիշկներ, գործարարներ և այլոք:
Ավելի ուշ՝ 2009 թվականի փետրվարի 25-ին, Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Նոր աջեր»֊ի և «Հանրապետականներ»-ի հետ ստեղծում են «Ալյանս հանուն Վրաստանի» դաշինքը: 2009 թվականի հուլիսի 16-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պաշտոնապես գրանցվում է:
2010 թվականի մայիսի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Ալյանս հանուն Վրաստանի» քաղաքական միավորումը Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրում հենց Իրակլի Ալասանիային: Ընտրությունների արդյունքում իշխող՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պահպանում է քաղաքապետի պաշտոնը, սակայն Ալասանիան ստանում է ընտրողների ձայների 20%-ին։ Վրաստանի մասշտաբով, «Ազատ դեմոկրատները» ՏԻՄ ընտրություններին ընդհանուր առմամբ 9 թեկնածու է առաջադրում։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, 2010 թվականի հունիս ամսին, «Ալյանս հանուն Վրաստանի» միավորումը լուծարվու է, իսկ «Ազատ դեմոկրատները» շարունակում են հանդես գալ որպես անկախ ընդդիմադիր ուժ:
2011 թվականի հոկտեմբերին «Ազատ դեմոկրատները» սկսում են համագործակցել Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Մինչ այդ ոչ շատ հայտնի միլիարդատերը հայտարարում է քաղաքականություն մուտք գործելու մասին՝ 2012 թվականի ապրիլին ստեղծելով «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։ 2012 թվականի փետրվարի 21-ին քաղաքական 6 խմբերից ձեւավորվում է «Վրացական երազանք»֊ը: «Ազատ դեմոկրատները» Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության, «Հանրապետականներ»-ի, «Ազգային ֆորում», «Պահպանողականներ» և «Արդյունաբերողներ» կուսակցությունների հետ մեկտեղ ստորագրում են ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը: 2012 թվականի հոկտեմբերի 1-ին, խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կոալիցիան հաղթանակ տարավ: Արդեն իշխանական կոալիցիայի ձեւավորման արդյունքում, «Ազատ դեմոկրատները» նոր կառավարությունում նախարարական 4 պորտֆել են ստանում։ Դրանք էին՝ Պաշտպանության, Սփյուռքի, Արդարադատության, Եվրոպական և եվրատլանտյան կառույցներում Վրաստանի ինտեգրման պետնախարարների պաշտոնները: 2012 թվականի դեկտեմբերի 9-ին, կուսակցությունն անց է կացնում արտահերթ համագումար, որի արդյունքում կուսակցության ղեկավար է ընտրվում Իրակլի Քադագիշվիլին:
Խորհրդարանում ստեղծվում է «Վրացական երազանք-ազատ դեմոկրատներ» խմբակցությունը, որը կոալիցիայի այլ անդամ կուսակցությունների հետ միասին կազմում էր խորհրդարանական մեծամասնություն։ Խորհրդարանական այս մեծամասնությունը գոյատեւում է մինչև 2014 թվականի նոյեմբերի 6-ը:
2014 թվականի նոյեմբերի 4-ին Իրակլի Ալասանիան հայտարարում է, որ պաշտպանության նախարարության շուրջ զարգացող իրադարձությունները, այդ թվում նախարարության և Գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը և զինված ուժերի բժիշկների դեմ ներկայացված նոր մեղադրանքները քաղաքական հաշվեհարդար են։ Ալասանիան հայտարարում է նաեւ, թե գործող իշխանությունը Վրաստանի Եվրատլանտյան ընտրությունից շեղվել է։ Նույն օրը Իրակլի Ալասանիան վարչապետի հրամանով ազատվում է Պաշտպանության նախարարի պաշտոնից։
Զուգահեռաբար, սեփական դիմումների համաձայն պաշտոնները լքում են Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, Արտգործնախարար՝ Իրակլի Ալասանիայի կնոջ քույրը հանդիսացող Մայա Փանջիկիձեն և արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին։ «Ազատ դեմոկրատներ»-ը պաշտոնապես լքում են կոալիցիոն մեծամասնությունը:
2014 թվականի նոյեմբերի 8-ին կայացած, կուսակցության հերթական համագումարին «Ազատ դեմոկրատներ»֊ի ղեկավար է ընտրվում կրկին Իրակլի Ալասանիան: Կուսակցությունը շարունակում է իր անկախ քաղաքական գործունեությունը, Վրաստանի խորհրդարանում ներկայանալով որպես «Ազատ դեմոկրատներ» ընդիմադիր խմբակցություն։
2016 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ»-ը ներկայացրած նախընտրական ցուցակը 200 հոգի ունի։ Կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ տեղն է զբաղեցնում, թբիլիսիաբնակ՝ ազգությամբ հայ Միքայել Ավագյանը, ում հետ զրույցում Ալիքը ծանոթացել է կուսակցության նախընտրական ծրագրին, ինչպես նաեւ հայ համայնքին հուզող հարցերի վերաբերյալ «Ազատ դեմոկրատներ»֊ի տեսակետներին:
Այսպես հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կուսակցությունը նախատեսում է բարեփոխումներ իրականացնել հետեւյալ հիմնական ուղղություններով․ Բանկային վարկի տոկոսը չի գանձվի եկամտային վճարով, որի հետևանքով ըստ կուսակցության հաշվարկների, քաղաքացին ամեն ամիս կխնայի միջինում մինչև 100 լարի: Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը կլինի 500 լարի: Այսինքն քաղաքացին այլևս չի աշխատի մեկ ժամվա դիմաց 3 լարիից պակաս վարձատրությամբ: Աղքատության նոր շեմը կսահմանվի 250 լարին, ներկայիս 160-ի փոխարեն: զուգահեռաբար նվազագույն կենսաթոշակը պետք է լինի ոչ պակաս քան նվազագույն եկամուտը՝ աղքատության շեմը։ Ինչ վերաբերվում է բարձր լեռնայի շրջաններում բնակվողներին, ապա նրանք վերոնշյալ նվազագույնի 20%-ից ավելի են ստանալու (360 լարի): Միքայել Ավագյանի խոսքերով, կուսակցության ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ ծրագիրը մշակված է ոլորտային պրոֆեսիոնալ մարդկանց կողմից:
Ավագյանը կուսակցությունում զբաղվում է ազգային և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ ռազմավարություն մշակելու գործով։ Վրաստանի հայ համայնքի խնդիրներին անրդադառնալիս վերջինս նշում է, որ կուսակցությունը կիսում է այն տեսակետը, որ ազգային փոքրամասնությունները պետք է ինտեգրված լինեն քաղաքացիական հասարակության կյանքում։Կուսակցությունը ընդունում և ճանաչում է այն իրողությունը, որ հայերը մեծ ներդրում են ունեցել և շարունակում են ունենալ երկրի զարգացման գործում: Կուսակցությունում հասկանում են նաեւ, որ երկրի բնակչության շուրջ 1/3֊ը ազգային փոքրամասնություններն են, ուստի նրանց ձայնը պետք է լսելի լինի կառավարության և բոլոր պետական կառույցների կողմից: