Վրաստանի կառավարության տան մոտ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ցույց են իրականացրել: Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ իրենք բողոքում են կառավարության անդամների կողմից հնչեցված ռուսամետ հայտարարություններից: Նրանք «Ռուսական երազանք» վերտառությամբ պաստառ են բերել, որի վրա գրված են «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների, վարչապետի և նախարարների անունները:
«Այսօրվա ցույցով Վրաստանի քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցում ենք, որ «Վրացական երազանքը», իրականում, «Ռուսական երազանք» է և այս քաղաքական ուժը ծառայում է Վրաստանում Ռուսաստանի շահերին, որպեսզի մեր արևմտյան քաղաքական վեկտորը փոխվի հյուսիսայինի, որ երկրում ավելանան ռուսական ներդրումները, ռուսական կապիտալը և ռուսական ազդեցության գործակալները: Եվս մեկ անգամ ցանկանում ենք քաղաքացիներին հիշեցնել, որ մոտենում են 2020 թվականի ընտրությունները և բոլոր քաղաքացիների պարտքն է` գիտակցված ընտրություն անել և չքվեարկել ռուսամետ ուժի և նրա սատելիտների օգտին»,- հայտարարել է քաղաքացիական ակտիվիստ Նոդար Ռուխաձեն: