«Միջազգային առևտրի խթանումը տնտեսական զարգացման համար կարևոր քայլ է»,- այս մասին այսօր «Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» համաժողովի բացման արարողությանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարը ընդգծել է, որ բիզնեսը տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն է և կառավարության իրականացրած առևտրային բարեփոխումների գերակա շահառուն:
«Կարևոր է կայուն, կանխատեսելի և գրավիչ միջավայր ստեղծել տարածաշրջանի բազմազգ դերակատարների համար: Ոչ սակագնային խոչընդոտների վերացում, սահմանների հատման մեղմացում և վարչական այլ ընթացակարգերի թեթևացում: Պետք է ընդգծել, որ այս առումով Վրաստանը աշխարհում ամենալիբերալ առևտրային քաղաքականության կրողներից է, քանի որ երկիր ներմուծված ապրանքների ավելի քան 80 տոկոսը ենթակա է ներմուծման 0 տոկոսանոց հարկի, պարզեցված մաքսային ընթացակարգերի և նվազագույն ոչ սակագնային արգելքների», — հայտարարել է Գախարիան:
Հիշեցնենք՝ այսօր և վաղը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հերթական անգամ կազմակերպվում է «Թբիլիսի․ Մետաքսի ճանապարհ» համաժողովը: