Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին դեկտեմբերից պետական անվտանգությունն այլևս չի ծառայի: Մարգվելաշվիլին այս մասին մեկնաբանություն անելիս հայտարարել է, որ իրեն իսկապես անհրաժեշտ չէ պաշտպանություն, սակայն ինչ որ կերպ պետք է արտահայտվի նախկին նախագահի կարգավիճակը: Նա իշխանությունների այս որոշումը որակել է որպես վրեժխնդրություն:
Նախորդ տարի ընդունած փոփոխությունների համաձայն՝ չեղարկվել է պետական պաշտպանության հատուկ ծառայության մասին որոշումը, ըստ որի, Վրաստանի նախագահը պաշտոնում ընտրվելուց մինչև կյանքի վերջ օգտվում էր անհատական պաշտպանությունից:
Փոփոխությունների համաձայն՝ նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի անհատական պաշտպանությունը կպահպանվի իրավասությունների դադարեցումից հետո մեկ տարվա ընթացքում միայն: