Ուղիղ 25 տարի առաջ` 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի քաղաքացիների 99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը:
Այս առիթով Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու հայ ժողովրդին.
«Անկախության առիթով շնորհավորում եմ եղբայրական ազգին` մաղթելով խաղաղություն և բարգավաճում: Վրաստանի և Հայաստանի բարեկամությունը հիմնված է պատմական և մշակութային ավանդույթների վրա: Ես հավատում եմ, որ ընդհանուր ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել այն դժվարությունները, որոնք ունեն մեր երկրները, ապագայում էլ ավելի կխորացնենք մեր համագործակցությունը՝ մեր պետությունների բարօրության համար»:
Տեղեկացնենք, որ Հայաստանում անկախության հանրաքվեն անցկացվել է 1991թ. սեպտեմբերի 21-ին, իսկ Վրաստանը և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ.-ին:
Երկու հարևան երկրները ակտիվորեն համագործակցում են առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Անցյալ տարիների ընթացքում երկու երկրները տրասպորտի, արտադրողի սեփականության իրավունքի, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության բնագավառներում համագործակցության միջազգային 88 փաստաթուղթ են ստորագրել:
ՀՀ անկախության տոնը շնորհավորել է նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը: Իր ուղերձում դեսպանը մասնավորապես ասել է. «Ի սրտե շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մենք՝ հայերս, մեկն ենք այն փոքրաթիվ ժողովուրդներից, որոնք ունեն պետություն: 25 տարի, մենք պահել ու ամրապնդել ենք մեր անկախությունը, մենք պայքարել ենք, ունեցել ենք և՛ կորուստենր, և՛ ձեռքբերումներ, հաղթահարել ենք դժվարություններ, տոնել ենք հաղթանակներ, ապրել ու ապացուցել ենք, որ արժանի ենք այդ անկախությանը: Մեր պատմությունը փառապանծ է»,-ասել է Յուրի Վարդանյանը:
Դեսպանն իր ուղերձում կարևորել է անկախության համար պայքարում դրսևորած վեհ ազգային ինքնագիտակցության պահպանումը, աչալրջորեն և համախմբված ուժերով պետության հզորացումն ու շենացումը, միջազգային հեղինակության ամրապնդումը: Այս ամենն ըստ դեսպանի կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա պատշաճ պատասխան տալ իր դեմ ուղղված բոլոր ոտնձգություններին։
«Անկախ բոլոր դժվարություններից՝ մենք առաջ ենք շարժվում, և մեր քառորդդարյա անկախությունը մեզ թույլ է տալիս, որ մեր քայլերն օր օրի էլ ավելի վստահ ու համարձակ դարձնենք: Ես վստահ եմ, որ ինչպես պատմության մեջ միշտ է եղել, մենք միասնական և քաջաբար հաղթահարելու ենք մեր ազգի առջև ծառացող բոլոր խոչընդոտները»,-նշված է դեսպանատան ֆեյսբուքի պաշտոնական էջում տարածված գրառման մեջ:
Տեղեկացնենք, որ ՀՀ անկախության 25-ամյակը նշվում է Վրաստանի տարբեր հայկական կազմակերպությունների կողմից: Այսպես, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում մատուցվել է սբ պատարագ, որից հետո «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում:
Հայաստանի 25-ամյա անկախության տարիների մասին ցուցադրվել է վավերագրական ֆիլմ: Միջոցառումը ուղեկցվել է «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի և անհատ երգիչների կողմից ազգայի- հայրենասիրական երգերի կատարումներով:
Տոնը նշվել է նաեւ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության կողմից՝ տոնախմբությամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանատունը արդեն երկրոդ տարին է, ինչ չի կազմակերպում մինչ այդ ավնադույթ դարձած ընդունելությունը: