Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից: Նախարարների հանդիպումը կայացել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում:
Նախարարները քննարկել են Վրաստանի և Հայաստանի երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերը: Հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանը: Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները:
Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են երկու երկրների հարաբերություններում առկա դրական դինամիկային և ընդգծել Վրաստանի և Հայաստանի դարավոր բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները: Նախարարները պատրաստակամություն են հայտնել ապագայում ակտիվորեն համագործակցել՝ Վրաստանի և Հայաստանի միջև ավանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: