Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային ուղիղ ավիափոխադրումների չեղարկումը բարդացնում է Շվեյցարիայի՝ որպես Վրաստանում Ռուսաստանի շահերի ներկայացուցիչի աշխատանքը: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային ժողովի կանտոնների խորհրդի նախագահ Ժան-Ռեն Ֆուրնիեն՝ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների չեղարկումը բացասական ազդեցություն է թողել և ուժեղացրել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ցանկություն ունեցող փոքրամասնությանը», — ասել է Ֆուրնիեն:
Ըստ նրա՝ ուղիղ չվերթների չեղարկումը վնասում է նաև նրանց, ովքեր երկու երկրների միջև գործնական հարաբերություններ են պահանջում:
«Դրանից տուժել են նաև նրանք, ովքեր կողմ են բարիդրացիական հարաբերությունների: Այս որոշումը վնասում է ողջ վրացական տնտեսությանը», — ասել է Ֆուրնիեն:
Ըստ Ֆուրնիեի, ուղիղ չվերթների չեղարկման քայլը բարդացրել է նաև Շվեյցարիայի աշխատանքը, որը ներկայացնում է Ռուսաստանի շահերը Վրաստանում:
Հիշեցնենք՝ ՌԴ Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային ուղևորությունների վերականգնումը սխալ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ վրացական իշխանությունները հակազդման համապատասխան մեխանիզմներ չեն ձեռնարկել: