Վրաստանի էներգետիկայի նախարար Իլյա Էլոշվիլին հաստատել է, որ «ԿազՏրանսԳազ-Թբիլիսի» ընկերությունը հնարավոր է վաճառվի, և ղազախները լքեն վրացական շուկան: Նախարարն արձագանքել է շրջանառվող այն լուրերին, թե նշված ընկերությունը կարող է գնել «Վրաստանի Ինդուստրիալ խումբ»-ը:
«Սա երկու մասնավոր օբյեկտների բանակցությունն է, և ես զերծ կմնամ ավելորդ մեկնաբանություններից: Այն, ինչ տեղի է ունենում, օրենքի սահմաններում է, ինչը հօգուտ ընկերության և բիզնեսի է: Մենք միշտ ողջունում ենք նմանօրինակ մասնավոր գործարքները»-ասել է Էլոշվիլին:
Վրաստանի նավթի և գազի կորպորացիային, ինչպես նաև Վրաստանի ֆինանսների նախարարությանն ունեցած «ԿազՏրանսԳազ -Թբիլիսի» ընկերության պարտքերի հետ կապված ՝ Էլոշվիլին ասել է, որ գումարի մի մասը և տոկոսների մեծ մասը վճարված են բյուջե, սակայն պարտավորություններ դեռևս կան, և դրանք մարելու մասին բանակցությունները կսկվեն նոր սեփականատիրոջ հետ, ընկերության վաճառքից հետո: