ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչների խնդրին

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն անդրադարձել է «Վրաստանում հայերենի ուսուցիչները զրկված են որակավորում ստանալու հնարավորությունից» վերտառությամբ «Ալիք մեդիայի» վերջերս հրապարակած հոդվածին։

Օրենսդիրի ղեկավարը «Ալիք մեդիայի» բարձրաձայնած խնդրի մասին հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որից ստացած պաշտոնական պատասխանը որպես «Ալիքի» առաջ քաշած խնդրին ուղղված լուծում հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

«Խնդրի վերաբերյալ հայկական կողմի հարցադրումները տեղ են գտել 2019թ. հունիսի 17-ին ստորագրված՝ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությունում: Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված է նաև ստեղծել հայ-վրացական աշխատանքային խումբ՝ մինչև սույն տարվա վերջ՝ հարցի լուծման ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով: Ներկայիս փուլում աշխատանքային խումբը ձևավորված է, դրա կազմը փոխանցվել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և պորտի նախարարություն, ընթացքի մեջ է աշխատանքային խմբի հանդիպման նախապատրաստական աշխատանքները», — ասված է Նազարյանին ուղարկված ՀՀ ԿԳՆ-ի պատասխան նամակում։

Հավելենք՝ վերջին շրջանում Վրաստանում սկսված կրթական բարեփոխումների արդյունքում հայտնի դարձավ, որ Վրաստանի հայկական ու ադրբեջանական դպրոցների մայրենիի ուսուցիչները զրկվում են որակավորումից, ըստ այդմ նաև բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից։

Իսկ երկրի հանրային դպրոցների գրեթե մյուս բոլոր առարկաների ուսուցիչներն այսուհետ պետք է քննություն հանձնեն ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար։