«Ես կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ պարոն Բիձինան դժվարացավ այս հսկայական պատասխանատվությունը կրել»:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի խոսնակ, «Հանրապետական» կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին՝ արձագանքելով նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի քննադատություններին: Հիշեցենք` Իվանիշվիլին հայտարարել էր, թե խորհրդարանի նախագահը ոչ մի պիտանի գործ չի արել:
Ուսուփաշվիլին ասում է, որ ցանկանում է Բիձինա Իվանիշվիլիի հետ հարաբերությունները թողնել միայն քաղաքական դեբատների (երկխոսության) ձեւաչափում. «Շատ ցավում եմ, որ պարոն Բիձինան մրցակիցների դեմ նման արշավ է որոշել իրականացնել: Թող ինձ խաբեբա, անգործ եւ այլ որակումներ տա, միևնույնն է ես շարունակելու եմ նրա հետ քաղաքական դեբատները»:
Ոսուփաշվիլին ասել է, որ Իվանիշվիլիի հետ քաղաքական երկխոսություններում պատրաստվում է խոսել բազմակուսակցական խորհրդարանի կարևորության, բազմակարծության անհրաժեշտության, ինչպես նաև գործարար պատգամավորներին առընչվող հարցերի շուրջ:
«Ես պատրաստ եմ այս թեմաներով զրուցել Բիձինա Իվանիշվիլիի հետ»,- հայտարարել է Ուսուփաշվիլին: