Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Հայաստան:
«Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:
Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գախարիայի տարածաշրջանային շրջագայությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանից։ Հայաստանից հետո Վրաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա։ Գեորգի Գախարիան 2017 թվականին Երևան է այցելել Վրաստանի էկոնոմիկայի նախարարի, իսկ 2018 թվականին` ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։