Իրավիճա՞կ է փոխվել. Epress.am-ի լրագրողներին արգելվել է մուտքը Վրաստան

Հոկտեմբերի 11-ին վրաց-հայկական սահմանային «Նինոծմինդա-Բավրա» անցակետում ավելի քան 4 ժամ սպասելուց հետո, հայաստանյան Epress.am կայքի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան։

Չորս ժամ շարունակ լրագրողները ստիպված բացատրություններ էին տալիս անցակետի տարբեր աշխատակիցներին, որ գործուղված են Ախալքալաք, Ախալցխա և Թբիլիսի՝ վրացական Newcaucasus.com-ի գործընկերների հետ համատեղ նախագծի շրջանակներում տեղացի լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ հարցազրուցներ իրականացնելու համար։

Պաշտոնական որևէ բացատրություն անցակետի աշխատակիցների կողմից չի տրվել։ Ասացին՝ «հավատարմագիր է պահանջվում» և «հարցազրույցի թույլտվություն»՝ առանց պարզաբանելու, թե կոնկրետ ո՞ր ատյանն է այն տրամադրում կամ որտեղ է ամրագրված «թույլտվություն» ստանալու անհրաժեշտությունը։

Ուղեբեռի զննությունից հետո լրագրողներին բանավոր հայտնել են, թե տեսախցիկի, երկու միկրոֆոնների (բրոշկա), ամրակալի ու համակարգչի անցկացումն արգելվում է։ Խոսքը ոչ պրոֆեսիոնալ սարքավորումների մասին է, որոնցով  Epress.am-ի լրագրողները նախկինում բազմիցս հատել են վրացական սահմանը։

Այնուհետև լրագրողների մոտ է եկել անցակետի մեկ այլ աշխատակից․ «Անհրաժեշտ է հավատարմագրվել, թույլտվություն ստանալ»․․․ Ի պատասխան ասվել է, որ հայաստանյան լրագրողները՝ հատկապես նրանք, ովքեր ներգրավված են տարածաշրջանային նախագծերում, հաճախ են գալիս Վրաստան, վերջին անգամ նույն խմբագրության աշխատակիցները նույն անցակետով նույն նպատակով մուտք են գործել Վրաստան օգոստոսի վերջին, լրագրություն անելու համար թույլտվություն ստանալու մասին նախկինում երբևէ չեն լսել։ Անցակետի աշխատակիցը պատասխանել է՝ «իրավիճակ է փոխվել»։

Մեկ ուրիշ սահմանապահ ասել է, որ լրագրողները կարող են վերադառնալ հայկական կողմ, թողնել այնտեղ սարքավորումները և կրկին մուտք գործել Վրաստան։ Սահմանապահը հրաժարվել է վերադարձնել անձնագրերից երկուսը՝ պնդելով, որ դրանք մի քանի րոպեից կվերադարձնի ելքի կնիքը դնող գործընկերը, ինչը եւ տեղի է ունեցել։

Հայաստանի անցակետի աշխատակիցն ասել է, որ սա իրեն պատահած առաջին դեպքն է, երբ առանց գրավոր բացատրության արգելում են մուտք գործել Վրաստան։ Լրագրողները վերադարձել են Հայաստան, թողել նշված սարքավորումները, ապա վերադարձել վրացական անցակետ, որտեղ նրացն մուտքը կրկին մերժվել է։ Սահմանապահը, որը մինչ այդ խոսել է «իրավիճակի փոխվելու» մասին, այս անգամ արդեն ագրեսիվ տոնով ասել է․ «Դուք չհասկացա՞ք, որ ձեզ չի կարելի մտնել Վրաստան»։

Ալիք մեդիայի հետ զրույցում Epress-ի խմբագիր Յուրի Մանվելյանն ասաց, որ իրենք հույս ունեին, որ սահմանապահները կհետաքրքրվեն լրատվականի կայքով, կհամոզվեն,որ խնդրահարույց որևէ գրառում չկա, բայց նրանցից որևէ բացատրություն այդպես էլ չեն ստացել, նախ հավատարմագրի մասին  հարցրել, հետո առաջարկել տեխնիկան թողնել հայկական կողմում: Մեկ ամիս առաջ նույն կազմով ու նույն տեխնիկայով նույն անցանետով անցել են։ Այս անգամ նման որոշման պատճառն անհասկանալի է։ Յուրի Մանվելյանն ասում է, որ նման որոշման համար վրացական կողմը պետք է հիմնավորում ունենա։ Դեսպանատան հետ լրագրողներին չի հաջողվել կապ հաստատել։ Լրատվականի խմբագիրն ասում է, որ փորձելու են պաշտոնական արձագանք ստանալ։

Հիշեցնենք՝ սա նմանատիպ առաջին դեպքը չէ։ Նման արգելք եղել է նաև Երկիր մեդիա հեռուստաընկերության նկարահանող խմբի նկատմամբ։

Վրաց սահմանապահի եւ հայ լրագրողների միջեւ երկխոսությունը ըստ Epress.am-ի ստորեւ.

— Տեխնիկան թողել ենք։
— Բայց ես հո գիտեմ արդեն, որ դուք լրագրող եք և չունեք հավատարմագիր։
— Ի՞նչ հիմքով եք արգելում մուտքը։
— Դուք վա՞տ եք հասկանում։ Ձեզ չեն թողնելու։ Ղեկավարը, որը որոշել էր ձեզ չթողնել, կարծիքը չի փոխել։
— Ի՞նչ ղեկավար։
— Ձեր աշխատանքը ցանկալի չէ, ձեզ արգելվում է Վրաստանի տարածքում լրագրությամբ զբաղվել։ Դուք չեք կարող մուտք գործել։

Epress.am-ի հիշատակված լրագրողներն են Յուրի Մանվելյանը, Տիգրան Խաչատրյանը, Տիգրան Հակոբյանը։

Նյութի աղբյուրը` epress.am

Լուսանկարը` newcaucasus.com