Այս պահին վրաց հոգևորականների մուտքը Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածք ազատ է:
Այսօր միայն մեկ հոգևորական՝ հայր Պավլեն է ցանկություն հայտնել մուտք գործել թույլատրելի տարածք: Նա արդեն երկու ժամ է՝ գտնվում է Զատկի տաճարում:
Սակայն հոգևորականները շեշտում են, որ սա խնդրի լուծում չէ, քանի որ ոչ միայն հոգևորականները, այլ նաև ուխտավորները պետք է հնարավորություն ստանան տարածք մտնել:
Հիշեցնենք, որ նախօրեին Վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ այսօրվանից Դավիթ Գարեջի համալիրի տարածքում գտնվող եկեղեցիները կբացվեն վրաց հոգևորականների համար:
Այս մասին կառավարության նիստում ասել էր Ադրբեջանից վերադարձած Գիորգի Գախարիան: Վարչապետը չի նշել, թե արդյոք ուխտագնացներն ու զբոսաշրջիկները կկարողանան այցելել Ուդաբնոյի և Չիչխիտուրի եկեղեցիներ:
Ըստ նրա, խնդիրը պետք է լուծվի՝ ի շահ երկու երկրների ազգային շահերի, պատմական ժառանգության և եկեղեցու:
Հավելենք՝ հոկտեմբերի 7-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ադրբեջանը Դավիթ Գարեջիի տարածքում նոր սահմանային կետ է բացել, ինչն էլ վրացական կողմի բողոքի պատճառ էր դարձել:
Սրա վերաբերյալ համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը վարչապետ Գիորգի Գախարիային նամակ էր գրել՝ նշելով․
«Մեզ համար լիովին անընդունելի են ադրբեջանական կողմի այս գործողությունները, որոնց հետևանքով 2019 թվականից զբոսաշրջիկների և հոգևորականների ուխտագնացությունը Ուդաբնոյի և Չիչխիտուրիի վանքեր սահմանափակվել են»: