Տասը տարվա դադարից հետո կանցկացվի Վրաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` խոսելով Ադրբեջան կատարած այցի տնտեսական մասի վերաբերյալ:
«Երեկ Բաքվում էի, և պատահական չէր, որ որոշել էինք առաջին այցը կատարել Ադրբեջան: Հիշեցնեմ, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունը ոչ միայն երկկողմ է, այլ տարածաշրջանային և կարևոր միջազգային ենթատեքստ է ստացել: Բոլորս լավ հասկանում ենք, որ այս համագործակցությունը պետք է արդյունավետ լինի` ելնելով մեր երկու երկրների շահերի, հատկապես տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»,- հայտարարել է Գախարիան:
Վարչապետը նաև հավելել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը հզոր տնտեսական գործընկերներ են:
«Մենք քննարկել ենք տնտեսական համագործակցության այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսին է առևտուրը, տրանսպորտը, փոխադարձ ներդրումները և այլն: Մեր երկրների միջև տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ վերջին 10 տարիների ընթացքում չի կայացել: Նոյեմբերի երկրորդ կեսին հանձնաժողովի նիստ տեղի կունենա, ինչը պետք է հիմնարար լինի և ավելացնի մեր տնտեսական համագործակցությունը»,- հայտարարել է Գախարիան: