Դեռեւս 2014 թ.-ին սկիզբ առած «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի «Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագիրը ընդմիջումից հետո շարունակվում է: Ծրագրի հիմնական նպատակն է, որ Վրաստանի հայ բնակչությունը տեղեկացված լինի քաղաքական հարթակում նախընտրական թեկնածուների գործունեության մասին: Այս ամենը իրականացվում է քաղաքական գործիչների, տարբեր կուսակցությունների մեծամասնական եւ համամասնական թեկնածուների հետ հանդիպումների միջոցով: Ծրագրի համակարգող Գիորգի Թումասյանը գտնում է, որ այս հանդիպումների միջոցով հայազգի ընտրողը իր համար ճիշտ որոշում կայացնելու հնարավորություն կունենա:
«Այս հանդիպումների շրջանակներում հայազգի բնակչությունը հնարավորություն ունի ուղիղ հարց ու պատասխանի միջոցով ծանոթանալ հրավիրված թեկնածուի եւ իր ներկայացրած կուսակցության հետ»,— ասում է Թումասյանը:
2016թ. նախընտրական ակտիվ շրջանում «Հայարտուն» կենտրոնի առաջին հյուրն էր Թբիլիսիի Մթածմինդա թաղամասից մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկախ թեկնածու, Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին: Վերջինը ծանոթացել է էթնիկ հայ փոքրամասնություների խնդիրներին, պատասխանել ներկա գտնվողների հարցերին: Թեմայի վերաբերյալ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է.
«Սա նորմալ մոտեցում է՝ երբ մասնակցում ես երկրի խորհրդարանական ընտրություններին, պիտի հանդիպես երկրի բոլոր էթնիկ փոքրամասնությունների խնդիրներին: Այս հանդիպման միջոցով ես փոխանցում եմ իմ տեսակետներն այն մասին, թե երկրում ինչն է փոփոխելու ենթակա, ինչ պիտի արվի, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն ավելի ինտեգրված լինեն»:
Գիորգի Թումասյանը նույնպես հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով.
«Հանդիպումը բավականին հետաքրքիր էր, բարձացվել են շատ կարեւոր հարցեր, որ անհանգստացնում են Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին: Տիկին Զուրաբիշվիլին խոստացել է հետաքրքրվել այդ հարցերով եւ համագործակցել հայ համայնքի հետ: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր է մեզ ՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար»:
Ծրագրի շրջանակներում գործում է երկխոսության հարթակ, որին մասնակցում են ինչպես վրացի քաղաքագետները, հասարակական գործիչները և երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները, այնպես էլ Վրաստանի հայազգի քաղաքացիները: Դիվանագետները, վրացի քաղաքագետներն ու հասարակական գործիչներն իրենց հերթին պատկերացում են կազմում վիրահայերին վերաբերող հրատապ հարցերի մասին:
Ծրագիրն այս պահի դրությամբ չի ֆինանսավորվում: «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Այդ օրը հայզագի քաղաքացիները կարող են ծանոթանալ «Վրացական երազանք» կուսակցության Թբիլիսիի Իսանիի (նշված ընտրատեղամասի կազմում են նաեւ Հավլաբար եւ Էլիա թաղամասերը) ընրատեղամասի մեծամասնական թեկնածու Դավիդ Ճիճինաձեի ծրագրերին: