Տեսանյութ. վճարովի ու պարտադիր կայանատեղի` վրաց-հայկական սահմանում

Արդեն մեկ ամիս է, ինչ վրաց-հայկական սահմանին չհասած` Սադախլո գյուղում նոր կայանատեղի է բացվել` Հայաստան ուղևորվող բեռնատարների համար:

8000 քմ կայանատեղին օրական մի քանի հարյուր բեռնատար է սպասարկում: Դեպի սահման շարժվող մեքենան պարտադիր պետք է մուտք գործի կայանատեղի, հերթագրվի, վճարի 30 լարի: 30 լարիի դիմաց ոչ մի ծառայություն չի մատուցվում, փաստացի՝ վարորդը միայն հերթի համար է ձեռք բերում։

Մեր նկարահանման պահին կայանման վայրում 38 մեքենա էր, ժամը 10:00-ից մինչև 14։00-ն սպասարկվել էր 97 մեքենա:

Կայանատեղին սպասարկող Վերտեքս ընկերության տնօրեն Միրիան Բութուրիշվիլին ասում է, որ չնայած որոշ վարորդներ կարծում են, թե  հերթերի գոյացության ու դանդաղ աշխատանքի համար ընկերությունն է մեղավոր, սակայն իրենք ուղիղ կապի մեջ են սահմանապահների հետ և ի վիճակի են բաց թողնել այնքան մեքենա, որքան այդ պահին սահմանային անցակետը հնարավորություն ունի ընդունել։ Ասում են՝ սա արվել է մարդատար ավտոմեքենաների հոսքին չխանգարելու և կարգավորված երթևեկություն ապահովելու համար։

Առանց կայանատեղի մուտք գործած բեռնատարներին սահմանակետից նորից հետ են ուղարկում՝ գրանցվելու և հերթի համարը ստանալու համար։

Բեռնատարների վարորդները սրտնեղում են։ Ասում են՝ ամռանը ծով մեկնող ու ծովից վերադարձող մարդատարների պատճառով են հերթում, ձմռանը՝ եղանակային պայմաններն են խոչնդոտ դառնում։

Թեմայի հետ կապված՝ հայտարարություն է տարածել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Մեջբերում ենք՝ առանց փոփոխության.

⚠️Հայտարարություն⚠️

Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի վրացական հատվածում բեռնատարների մեծ թվաքանակի պատճառով առաջացել է հերթ։

Ե՛վ վրացական, և՛ հայկական անցակետերն աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի առաջացած խնդիրը շուտափույթ լուծում ստանա։