Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դուրսուն Հասանովին, Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղարիբաշվիլին ընդունել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ընթացիկ և ապագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:
Ինչպես նշվում է, Թուրքիայի դեսպանի հետ հանդիպմանը պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին որպես ռազմավարական գործընկեր աջակցության համար: Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցությունը և ռազմական ոլորտում Վրաստանի ու Թուրքիայի հարաբերությունների խորացումը: Քննարկումներն ուղղված էին տարածաշրջանում անվտանգությանն ու համատեղ զորավարժություններին: